Ասում է՝ չեմ բանակցել, բա ի՞նչ ես արել, հանձնարարությո՞ւն ես ստացել. հիմք ունե՞մ ենթադրելու, որ Փաշինյանն աշխատավարձ է ստանում նաև հարևան երկրներից. Արամ Օրբելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Օբյեկտիվ իրականության մեջ Արցախի Հանրապետությունն ուներ սուբյեկտայնություն:
- Նախկինում Հայաստանը չէր ճանաչում Արցախի Հանրապետությունը, որովհետև ընթանում էին բանակցություններ և չկար ցանկություն դրանց վնասել: Այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական բոլոր հիմքերը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը, բայց ո՞վ պետք է ճանաչի, այս իշխանություննե՞րը: Միակ տարբերակն իշխանափոխությունն է:
- Հայաստանի անկախ Հանրապետության ձևավորման անկյունաքարերից մեկը 1988-ին Արցախի անկախացումն ու Հայաստանին վերամիավորվելու ցանկությունն էր: Հիմա ի՞նչ ունենք:
- Երկու տարվա ընթացքում տարբեր ամբիոններից ու հարցազրույցներում մեր երկիրը ղեկավարող անձը ոչ բառացի, այլ, օրինակ, Ալմա Աթայի հռչակագրին հղում կատարելով, հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու ձևակերպումները՝ հղում կատարելով Ալմա Աթայի հռչակագրին, նշանակում է՝ մենք Ադրբեջանին ենք տալիս Արցախը, ներառյալ՝ անկլավները: Իսկ անկլավները չտալու միակ գրավականը կարող էր լինել, եթե մենք հայտարարեինք, թե ընդունում ենք, որ կարող են ԽՍՀՄ սահմանները լինել, բայց կան խնդիրներ, և պետք է բանակցել դրանց շուրջ:
- Ընթացող գործողություններն ու հնչեցվող հայտարարությունները համադրելով և վերլուծելով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ անունից հանդես եկող անձինք առնվազն այլ պետության կամ պետությունների հանձնարարություն է (են) կատարում: Որքանո՞վ են այդ մարդիկ իրավասու ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: 2020 նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց կարճ ժամանակ անց պարզվեց, որ եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ, և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ Պաշտպանության նախարարը փաստաթուղթ է ստորագրել Կապան-Գորիս ճանապարհահատվածը հանձնելու մասին:
- Մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում, ըստ այդմ, 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: Հաղորդագրության երկրորդ կետում նշված է. «2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից»: Այսինքն՝ ՀՀ ԱԱԾ-ն հստակ հայտարարում է, որ այդ հատվածը Հայաստանի տարածք չի եղել:
Նույն հաղորդագրության երրորդ կետում նշված է «Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում»: Փաստացի ստացվում է, որ առանց իրավական գործընթացների՝ ՀՀ գործող իշխանություններն ընդունել են, որ կա սահման, և այդ սահմանի երկայնքով զինվորների փոխարեն պետք է տեղակայվեն սահմանապահները: Նույն հաղորդագրության չորրորդ կետում գրված է՝ «Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:
Այդ տարածքներում ապրող մարդիկ սեփականության վկայական են ստացել ՀՀ պետական մարմնի Կադաստրի կողմից, այսինքն՝ ՀՀ-ն ճանաչել է, որ դա մեր տարածքն է: Հիմք ունե՞մ ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանն աշխատավարձ է ստանում ոչ միայն ՀՀ պետբյուջեից, այլ նաև հարևան երկրներից:
- ԱԺ-ում Փաշինյանը հայտարարում է, թե չի բանակցել Ալիևի հետ: Ավելի քան 8 անգամ տարբեր երկրներում, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել Ալիևի հետ, եթե չի բանակցել, ապա ի՞նչ են արել, կարո՞ղ եմ ենթադրել, որ, ասենք, հանձնարարություններ է ստացել, հետո դրանք իրականացրել, և այսպես շարունակ…
- Մեղադրում է նախկիններին, թե Արցախը հանձնել էին Մադրիդյան, Կազանյան փաստաթղթերով: Կրկին ստում է: Բանակցությունների ժամանակ մշակված ցանկացած աշխատանքային փաստաթուղթ կարելի է քննադատել, բայց վերջնական կարծիք կարելի է ասել, երբ այն նախաստորագրվել է, դրանից հետո կարելի է ասել, թե այն համապատասխանում է երկրի սահմանադրությանը և բխում է ՀՀ շահերից:
- Լավ, ենթադրենք, կազանյան կամ մադրիդյան փաստաթղթերը մեզ համար շատ վատն են եղել, այդ դեպքում ինչի՞ զոհվեցին 4000-5000 տղաները, 10-15 հազար հոգի հաշմանդամ դարձան, գերիներ, անհետ կորածներ ունեցանք: Ժամանակին գայիր ասեիր՝ ժողովուրդ ջան, այսպիսի ժառանգություն եմ ստացել, պետք է հանձնենք պահանջվող հողերը: Նախկինների բանակցած փաստաթղթերով՝ առանց պատերազմի, առանց զոհերի՝ բանակցվող տարածքները տայիր: Դու սկսեցիր քո կետից, ասեցիր՝ ինչ ուզում՝ բանակցում եմ… հիմա էլ ասում ես՝ ես բանակցություն չեմ վարել: Բա ի՞նչ էիր անում:
- Ամեն ինչ գցում է նախկինների վրա՝ իբրև թե ուզում էին տարածքները հանձնել, այդ դեպքում դուք ինչո՞ւ չհանձնեցիք առանց զոհերի, ռազմագերիների: Խորհրդարանում ասել է, թե եթե հանձնեի՝ ինձ կասեին՝ դավաճան, բայց հիմա ոչ միայն դավաճան, այլ նաև մարդասպան է, որովհետև թույլ է տվել, որ այդքան զոհ ունենանք, պատերազմ է հրահրել: Նիկոլ Փաշինյանի ընկալման մեջ դեռ 2014 թվականից եղել է այն համոզմունքը, որ այդ տարածքներն ադրբեջանական են:
- Նիկոլ Փաշինյանը խրոնիկ սուտասան է, նրա ասածների ճիշտն ու սխալը դժվար է գնահատել, որովհետև հետո էլ, երբ նրան քննադատում են, ասում է, թե իրեն սխալ են հասկացել: Հիշեք հայտնի ձայնագրությունը, որտեղ ինքն ասում է, թե իրեն գժի տեղ կդնի: Միջազգային հանրությունը չի սիրում, որ իր դիմացինն իրեն գժի տեղ է դնում:
- Մինչ 2018-ի հեղափոխությունը, Ադրբեջանի վիճակը բավականին լուրջ էր՝ թե Կազանյան, և թե Մադրիդյան սկզբունքներով: Դրա համար էլ Ադրբեջանը միշտ հրաժարվում էր բոլոր առաջարկված բանակցային փաստաթղթերից: Եթե Մադրիդյան ու Կազանյան փաստաթղթերը մեզ համար վատն էին, ինչո՞ւ էր Ադրբեջանը հրաժարվում բանակցել դրանց շուրջ, ստորագրել դրանք: Ադրբեջանն ուզում էր խնդիրները լուծել ուժի միջոցով՝ ռազմական գործողություններով:
- Բանակցությունները պետք էր շարունակել, բանակցությունները բացառում են պատերազմը:
- ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն իշխանություններից, եթե խաղաղապահները չեն կատարում իրենց գործառույթները՝ մեղավոր է Նիկոլ Փաշինյանը: Եթե Արևմուտքը սանկցիաներ չի կիրառում Ադրբեջանի դեմ՝ մեղավոր է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի իշխանություններից որևէ արձագանք եղա՞վ Տոյվո Կլաարի հայտարարության առնչությամբ, որևէ նոտա հղվե՞ց: Իհարկե ոչ:
- Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դարաշրջանն անցել է:
- Որպեսզի Արցախը հայկական մնա, որպեսզի Հայաստան պետությունը լինի, անհրաժեշտ է իշխանափոխություն, մնացած գործողություններն ու զրույցներն անիմաստ են:
- Այս իշխանություններն ակնհայտորեն քայքայում են պետական ինստիտուտները՝ «մենք ենք ընտրվել» անվան տակ: Իսկ իրականում իրենք չեն ընտրվել: Բոլոր ընտրությունները կեղծվել են:
- Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ նախկին ՄԻՊ-երը՝ Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան, Արման Թաթոյան, տվյալ ժամանակվա գլխավոր դատախազի հետ հրապարակավ ընկերական շփումները ցուցադրեին: Լավ իրավաբանը, բացի իրավական գիտելիքներից, նաև բարձր էթիկական ստանդարտների պետք է տիրապետի:
- Անահիտ Մանասյանը բազմաթիվ միջազգային միջոցառումների ժամանակ ադրբեջանցի մասնագետների հետ էլ էր ջերմ հարաբերությունների մեջ:
- Տեղի է ունենում ազգային պետության վերացման պրոցես:
- Այս կառավարությունը կոռուպցիոն ռիսկերով գերազանցել է բոլոր նախկին կառավարություններին:
- Սարսափելի ընտրովի արդարադատության դարաշրջան է ՀՀ-ում, Արցախի հարցն ընդամենը գործիք է, որպեսզի իշխանություն ստանան և իշխանություն պահեն:
- Իշխանափոխություն լինելու է, չի կարող չլինել: Ընտրությունների միջոցով մեր երկրում երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել:
- Փողոց փակելը ժողովրդավարության ցուցիչ չէ: Մենք պետք է պայքարենք ինստիտուտների համար: