
Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժ. Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներ

Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները շեշտել են Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժի անհրաժեշտությունը՝ կրկնելով, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ներքոստորագրյալ անդամներս, խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ»:
Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ Լաչինի միջանցքում անցակետը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի ակնհայտ խախտում է։
«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժ: Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սադրանքներից և թշնամական գործողություններից սահմանի երկայնքով»,-ասված է հայտարարությունում:
Հայտարարությանը միացել են Բյորն Սյոդերը, Մարկուս Վիխելը, Յուսուֆ Այդինը, Էրիկ Հելսբորնը, Արին Կարապետը, Հական Սվենելինգը, Ալեքսանդր Քրիստիանսոնը, Մագնուս Օսկարսոնը: