Ցանկացած, թեկուզև աննշան կանչի դեպքում գալիս են. Ինչպե՞ս են աշխատում շտապօգնություններն արտերկրում

Շտապօգնության բրիգադի ցանկացած անհիմն կանչ կարող է ինչ-որ մեկի կյանքի հաշվին լինել։ Այս մասին ապրիլի 19-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու խնդրել քաղաքացիներին աննշան հարցերով չզանգել շտապօգնություն:

«Այս պահին կարգավորված չէ, թե որ դեպքերում շտապօգնության դիսպետչերը կարող է մերժել կանչը, քանի որ դա ցուցված դեպք չէ։ Արդյունքում ստացվում է՝ ցանկացած կանչի պարագայում շտապօգնությունը մեկնում է դեպքի վայր, և մենք ունենում ենք կարևոր դեպքերի բացթողում ու անկարևոր դեպքերի սպասարկում: Ես մեր քաղաքացներին ուզում եմ հիշեցնել՝ ամեն մեկի կողմից արված անհարկի կանչը գուցե ինչ-որ մեկի կյանքի հաշվին է արվում: Ուղղակի ներարկում անելու, ճնշում իջեցնելու համար հարկ չկա օգտագործել այդ թանկարժեք ծառայությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Արտերկրում բնակվող և հիվանդանոցներում աշխատող մեր մի քանի հայրենակիցներից փորձեցինք պարզել, թե այս խնդիրն ինչպե՞ս է կարգավորվում երկրում, որտեղ նրանք այս պահին գտնվում են:

Ամերիկայում բնակվող և տեղի հիվանդանոցներից մեկում աշխատող Աննան հայտնեց, որ բոլոր կանչերի դեպքում էլ շտապօգնությունը գնում է:

Կարդացեք նաև

«911 են զանգահարում, շտապօգնությունը, ոստիկանությունը, ԱԻՆ-ը միասին գալիս են, և ով առաջինն է հասնում, նա էլ սկսում է օգնություն ցուցաբերել, մինչև հասնում են: Զանգի ընթացքում մարդը կարող է զգուշացնել, որ միայն շտապօգնության կարիք ունի: Բայց ցանկացած դեպքում, թեկուզև աննշան կանչի դեպքում գալիս են: Երեքի գալու դեպքում գումարը կազմում է 2000 դոլար, որը, իհարկե, մարդը չի վճարում, քանի որ մեզ մոտ գործում է առողջապահական ապահովագրություն: Օրինակ, իմ առողջապահական ապահովագրության գումարը 530 դոլար է, 320 դոլարը հիվանդանոցն է վճարում, իսկ մնացածն իմ աշխատավարձից են հանում»,- պատմեց Աննան:

Արյունաբան Տարոն Սարիբեկյանը, ով Գերմանիայում է բնակվում, մեզ հետ զրույցում հայտնեց. «Դրսում շատ խելացի մարդիկ են նստած, ովքեր կարողանում են իրավիճակը գնահատել ու հասկանալ, թե այդ պահին ինչպիսի՞ օգնություն է պետք հիվանդին: Հասկանում են պատճառն ու ըստ դրա էլ որոշում են՝ ուղարկեն բժի՞շկ, թե՞ պարամեդիկներ, որը շատ լավ աշխատում է: Հայաստանում, ցավոք, չկա»:

Սրտաբան Գեորգի Արթուրովիչը, ով Մոսկվայում է, նշեց, որ ամեն դեպքում շտապօգնությունը պարտավոր է արձագանքել կանչերին:
«Իհարկե, երբեմն անիմաստ կանչեր են լինում, և դրա փոխարեն, օրինակ, կարելի էր փրկել մեկ ուրիշի կյանքը, սակայն դրա համար էլ գոյություն ունի հարցուփորձ»:

Տեսանյութեր

Լրահոս