
Մոսկվայում կայացել է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի, Ալի Մահմուդ Աբբասի և Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 25-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարների քառակողմ բանակցություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործնական քայլերը Սիրիայի Արաբական Հանրապետությունում անվտանգության ամրապնդման և սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում», – հայտնել են գերատեսչությունում։
Բանակցությունների ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ահաբեկչական սպառնալիքներին հակազդմանը և Սիրիայում բոլոր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին:
«Հանդիպման արդյունքներով կողմերը հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումը, ինչպես նաև սիրիացի փախստականների՝ շուտափույթ հայրենիք վերադառնալու ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը», – նշված է հաղորդագրությունում: