«Ազգային ժողովից սկսած, բոլոր հիմնարկների աշխատողները տարվա մեջ 1-2 անգամ թմրաթեստ պետք է հանձնեն». իշխանական պատգամավորի առաջարկը
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցն էր:
Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև թմրամիջոցների շրջանառությանը և դրանց կանխարգելման գործողություններին: Հարցը ծագեց մասնավորապես, երբ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց ՆԳ փոխնախարարին երևանյան ակումբերից մեկում վերջերս ոստիկանության գործողությունների մասին, որոնք, պատգամավորի փոխանցմամբ՝ ենթադրյալ բռնության տարրեր են պարունակել: Ըստ Զարուհի Բաթոյանի՝ ոստիկանությունը ենթադրաբար թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում է նշված գործողություններն իրականացրել:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր աջակցությունը հայտնեց Ներքին գործերի նախարարությանը թմրամիջոցների դեմ պայքարի գործում.
«Մենք երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանի Հանրապետությունում, մենք չենք պատկերացնում, որ դեռահաս տարիքի երեխաների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ են, մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցները 2-րդ, 3-րդ անգամ օգտագործելուց հետո իրենց մոտ այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ իրենք այլևս մարդկային կյանք չեն վերադառնում, մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում, և մեր բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվեն»:
Անդրադառնալով օրերս ոստիկանության աշխատակիցների կողմից երևանյան ակումբներից մեկում թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած միջոցառմանը, պատգամավորն ասաց.
«Ոստիկանությունը մտնում է մի հատ կլուբ, միջոցառում է ձեռնարկում, որտեղ, բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ է տարածվում, մեկ էլ տեսեք՝ բռնություն, ի՞նչ բռնություն…»:
Ամփոփելով ելույթը, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկով հանդես եկավ.
«Ուզում եմ առաջարկել, որ բոլոր պետական հիմնարկներում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր գործատուի և աշխատողի միջև, անպայման մի տող ավելացվի, որ տարվա մեջ 1-2 անգամ անցնելու են թմրաթեստ, և ովքեր կհրաժարվեն այդ թեստը հանձնելուց՝ դա կլինի աշխատանքից ազատման հիմք, սկսած Ազգային ժողովից, վերջացրած բոլոր հիմնարկներով և ՏԻՄ-երով»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում