«ԳՇ պետին վերցրեք բերեք այստեղ՝ տանենք ամեն ինչ ցույց տանք». Տեղ համայնքի բնակիչ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին դարձյալ հորդորել է հետևել պաշտոնական լրահոսին, հիշեցրել, որ դատավոր չեն, և վրդովվել է նրանց հարցերից:

Անգամ շատ հայաստանցիներին այսօր մտահոգող հարցերին, թե ադրբեջանական զորքը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքից, հետ գնացե՞լ է, որքա՞ն է հեռացել, նա, մեղմ ասած, անհասկանալի պատասխան է տվել.

«Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք»:

Հակադարձմանը, որ ադրբեջանցի զինծառայողները մտել են հայկական գյուղեր, ԳՇ պետն արձագանքել է. «Ոչ մի գյուղ էլ չեն մտել»:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ պետք է ԳՇ պետին վերցնեն ու տանեն Սյունիք, մասնավորապես՝ Տեղ համայնք։

«Գլխավոր շտաբի պետին վերցրեք բերեք այստեղ՝ տանենք ամեն ինչ ցույց տանք։ Տանենք ցույց տանք, թող տեսնի՝ դա ինչ է»,- նշեց Արարատ Շեգունցը։

Նրա խոսքով՝ չգիտի էլ, թե մարտի 30-ից հետո ԳՇ պետն այցելե՞լ է Տեղ համայնք, թե՞ ոչ։

«Գուցե եկել է՝ ես չեմ տեսել, ամեն օր պոստերում չեմ, չեն էլ թողնում, որ բարձրանանք պոստեր։

Մի մոմենտ Փաշինյանն ասում էր՝ 1,4 կմ հատվածի հարցը լուծված է, հետ են տվել, ո՞ւմ են հետ տվել։ Արա, այ սուտասան, ո՞ւմ են հետ տվել, նա կասի, բա ինչո՞ւ չի ասի։ Դրանով համոզվեցի՞ք, որ Փաշինյանը հողերը ծախել է։ Ի՞նչ 1,4 կմ հատված, մեկ մետր էլ հետ չեն գնացել ու հետ էլ չեն գնալու, թուրքը կամավոր հետ չի գնա, մինչև պատերազմ չլինի»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել են դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում Տեղ համայնքի բազմաթիվ բնակիչներ կորցրել են իրենց դաշտերը, քանի որ դրանք անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ։

 

Տեսանյութեր

Լրահոս