Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են ստորագրել
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Բացի Ալիևից, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է նաև Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ: Կողմերը ստորագրել են թարմացված միջկառավարական համաձայնագիր պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները կշարունակեն համագործակցությունը: Պաշտպանության ոլորտում Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև թարմացված համաձայնագիրը ձևակերպվել է Վրաստանի պաշտպանության նախարարի` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում», – մեջբերում է ТАСС-ը հաղորդագրությունից:
Բաքվում կայացած հանդիպմանը Բուրչուլաձեն և Հասանովը նաև քննարկել են տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, երկկողմ հարաբերություններն ու եռակողմ փոխգործակցությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև համատեղ մասնակցությունը միջազգային զորավարժություններին։ Բուրչուլաձեն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին։