Իսրայելական հրետանին հարձակում է գործել ալ-Կունեյտրայում սիրիական զորքերի դիրքերի վրա. ԶԼՄ-ներ
Իսրայելական զորքերն այսօր կրակ են բացել սիրիական դիրքերի ուղղությամբ ալ-Կունեյտրա քաղաքից դեպի հյուսիս, որը գտնվում է օկուպացված Գոլանի բարձունքների մոտ: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ ըստ սիրիական Al-Watan թերթի տեղեկատվության` իսրայելական հրետանին արձակել է ավելի քան 20 ռեակտիվ հրթիռ։ Սիրիացի զինվորականների շարքերում կորուստների և նյութական վնասի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հարձակումը կատարվել է վաղ առավոտյան, արկերը պայթել են Խոդր ավանի մոտ։ Ականատեսները հայտնել են, որ ուժեղ պայթյուն են լսել։
Վերջին անգամ այդ շրջանին հարված է հասցվել անցյալ տարվա մայիսին իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից: Այդ ժամանակ զոհվել է «Ազգային պաշտպանության ուժերի» աշխարհազորային, որը կռվում էր սիրիական բանակի կողմից։ Ալ- Կունեյտրա քաղաքը Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է։
Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավել է 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ընթացքում։ 1981 թվականին Իսրայելի խորհրդարանը միակողմանի կարգով հռչակել է հրեական պետության ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ։ Բռնակցումը 1981 թվականի դեկտեմբերի 17-ին անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևով: