«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով և ձեր կամքի մեջ. ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը». Վեհափառ Հայրապետ
Այսօր, ինչպես վերջին տարիներին, Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում պատարագ մատուցեց առանց քաղաքական իշխանության ներկայության: Վեհափառին ուղեկցում էր հոգևոր դասը:
Անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց հետո Վեհափառ Հայրապետը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ իր խոսքում դիմելով արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին, անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամուրջն ադրբեջանցիների կողմից փակելու ու այնտեղ ադրբեջանական անցակետ տեղադրելու խնդրին:
«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության, այդ բռնարարքի մասին, որ ադրբեջանցիների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակաց նկատմամբ: Նպատակը շատ որոշ է և հստակ՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է մեր ժողովրդի զավակաց նկատմամբ Արցախում»,- ասաց Գարեգին 2-րդ կաթողիկոսը:
Վեհափառը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նվիրական վայրից իր խոսքն ուղղեց Արցախի հավատավոր զավակներին:
«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր՝ ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո օժանդակությամբ և զորակցությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը: Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով ազգիս և միջազգային հանրությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերն օգնական ու պահապան ձեզ: Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Ամենայն Հայոց կաթողիկոսն անտեսեց Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարության մասին հարցը, երբ վերջինս, ակնարկելով Վեհափառ Հայրապետին, ասաց՝ «ով խնդիր ունի իշխանության հետ, խնդիր ունի Աստծո հետ»:
«Այլևս ոչ մի հարց»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսն ու հեռացավ:
Մանրամասները՝ տեսանյութում: