Վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունն ու պատվաստումների միջոցով զերծ պահել բնակչությանը վարակիչ հիվանդություններից: Այս տարի այն մեկնարկում է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը կարևոր է», «Ժամանակը կարևոր է»՝ նպատակ ունենալով արժևորել լիարժեք և ժամանակին իրականացված պատվաստումների դերն ու նշանակությունն անձի առողջության և բարեկեցության համար:

Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը և այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը:

Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի:

Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, հեմոֆիլուսային Բ տիպի, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում:

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում ևս կարևոր է պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, այդ թվում` բուստեր դեղաչափով՝ հնարավորություն ընձեռելով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը:

Հիշե՛ք՝ վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Մի՛ մոռացեք այցելել Ձեր տեղամասային պոլիկլինիկա»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս