Տուն-ինտերնատներում յուրաքանչյուր շահառուի հաշվարկով նախատեսվում է մեկ սոցիալական աշխատող և մեկ հոգեբան
Հաճախ ենք լսում, որ տուն-ինտերնատներում ծերեր են ինքնասպանություն գործում: Վերջին դեպքը եղավ 2023թ. մարտի 25-ին՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում: Այստեղ նաև ինքնասպանության դեպք էր գրանցվել 2022 թվականի նոյեմբերի 18-ին: Կախվել էին երկու պապիկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին սա 3-րդ դեպքն է, երբ նշված տուն-ինտերնատում բնակիչ է ինքնասպանություն գործում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը 168.am-ին հայտնեց, որ 4 տարում գրանցվել է ինքնասպանության 4 դեպք:
Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք ծերերի հետ միշտ աշխատում են հոգեբաններ, թե՞ երբ անհրաժեշտ է լինում, նոր են կանչում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ հարցը կարգավորվում է Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի Ն-1744 որոշմամբ և յուրաքանչյուր 70 շահառուի հաշվարկով նախատեսվում է մեկ սոցիալական աշխատող և մեկ հոգեբանի հաստիքային միավոր:
«Բնականաբար, մշտապես գտնվում են տեղում և ըստ անհրաժեշտության՝ ծառայություններ մատուցում են: Եթե խոսենք «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մասին, ապա այնտեղ աշխատում է 3 սոցիալական աշխատող և 3 հոգեբան, ովքեր հաստատությունում են և մշտապես շահառուների հետ կապի մեջ են»,- նշեց Զառա Մանուչարյանը:
Մեր դիտարկմանը, որ 2022թ. ծերերից մեկն ինքնասպանություն էր գործել՝ գրելով, որ «Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ», արդյո՞ք ստանում են պատշաճ բժշկական օգնություն, և արդյո՞ք մշտապես բժշկի հսկողության ներքո են գտնվում, մամուլի խոսնակը դրական արձագանքեց՝ մանրամասնելով. «Օրինակ, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում այս պահին ունենք 5 ավագ բուժաշխատող, գումարած կրտսեր և միջին բուժանձնակազմը, որը նույնպես շահառուներին ծառայություն է մատուցում: Ըստ անհրաժեշտության՝ այլ բժիշկներ, այլ մասնագիտական թիմ է միանում»: