Ալիևի նոր վերջնագիրը Փաշինյանին. կհամարձակվի՞ Փաշինյանը հայտարարել՝ «Արցախը Ադրբեջան է»
Մինչ ապրիլի 18-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակում էր, այսպես ասած, զրոյացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, նախկին իշխանությունների օրոք բանակցված Մադրիդյան փաստաթուղթը ներկայացնելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանության շրջանակում և կրկին փորձելով ապացուցել, որ նախկին իշխանություններն են այդ փաստաթղթով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ պարզապես չեն բարձրաձայնել այդ մասին, Իլհամ Ալիևը նոր վերջնագիր ներկայացրեց Փաշինյանին: Թշնամի երկրի ղեկավար Ալիևին փաստորեն չի բավարարում այն, ինչ անում են Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ իրենց գրեթե բոլոր հրապարակային ելույթներում՝
- Հրաժարվում են Արցախի ինքնորոշման իրավունքից և խոսում միայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման մասին,
- Փորձում են ապացուցել, որ միջազգային հանրությունը մշտապես դիտարկել է Արցախն Ադրբեջանի կազմում կամ պահանջել, որ ՀՀ իշխանությունները «մի փոքր իջեցնեն ԼՂ կարգավիճակի հարցում իրենց նշաձողը»,
- Պնդում են, իբրև թե Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ոչ պաշտոնապես արդեն իսկ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում,
- Չեն ներկայացնում Արցախյան հիմնահարցի լուծման իրենց տեսլականը,
- Չեն հայտարարում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում,
- Ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և դրանով իսկ կանխորոշելով Արցախի ապագան՝ հրաժարվում են ներկայումս խոսել Արցախի ապագայի, կարգավիճակի մասին, այդ հարցն իբրև թե թողնելով արցախցիների որոշելուն…
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը մի շարք տարօրինակ նոր հայտարարություններ ևս արեց՝ նշելով, թե ինքը չի բանակցել, ավելին՝ չի հասցրել բանակցել, թերևս «մոռանալով» մինչպատերազմյան Դուշանբեի պայմանավորվածությունների, «Դուշանբե պյուս»-ի, 2020թ. փետրվարին իր կողմից ազդարարված Մյունխենյան սկզբունքների և իր բազմաթիվ հրապարակային հակասական, քննադատված ելույթների մասին, որոնք որևէ պարագայում չի կարելի դիտարկել բանակցային գործընթացից դուրս: Չտալով հստակ պատասխան արցախցիների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, Փաշինյանն ԱԺ-ում նաև պնդեց, որ ԼՂ ադրբեջանցիները ևս պետք է որոշեն, որովհետև նրանք էլ են ինքնորոշման սուբյեկտ:
ԱԺ-ում Փաշինյանը նաև խոստովանեց, որ իր համար Արցախյան հիմնախնդիրը շիլաշփոթ է, որն իբրև թե ավելի խորը շիլաշփոթ է սարքել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ Մադրիդյան սկզբունքներով:
Փաշինյանը, ով նախկինում գլուխ էր գովում, թե 2018թ. հուլիսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ թեմայով հանդիպմանը որևէ նոր բան չի իմացել և Առաջին նախագահից չի ստացել որևէ տեղեկատվություն, որն իրեն հայտնի չէր, ԱԺ-ում սկսեց քննադատել իր ընդդիմախոսներին նրա համար, որ իբրև թե իր հետ չեն հանդիպել, խորհուրդներ չեն տվել, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ եղել է թե Տեր-Պետրոսյանի հանդիպման նախաձեռնությունը, թե հրապարակային բազմաթիվ ելույթներ նախկինում բանակցություններին ներգրավված գործիչների կողմից:
Ի դեպ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով առանցքային ֆիգուր է Մադրիդյան փաստաթղթի կազմման գործընթացում, երեկ պատասխանեց Փաշինյանին՝ ասելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել-չճանաչելու հարցում Մադրիդյան փաստաթղթում ասվում է ճիշտ հակառակն այն բանի, ինչ Փաշինյանն է ասում: Նա հիշեցրեց, որ փաստաթուղթը հասանելի է, յուրաքանչյուր ոք կարող է այն կարդալ, սակայն հասարակության լայն շերտերի համար նա բացատրեց որոշ հանգամանքներ:
Ըստ Օսկանյանի՝ այդ փաստաթուղթը համանախագահների կողմից ներկայացվելով՝ որպես իրենց առաջարկություն, և Ադրբեջանը, դա ընդունելով՝ որպես բանակցությունների հիմք, փաստորեն ճանաչել են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէ, և ԼՂ ժողովուրդն իր ճակատագիրը պետք է որոշի հանրաքվեի միջոցով:
«Այն, ինչ մենք արել ենք բանակցություններում Տեր-Պետրոսյանի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, Սարգսյանի ժամանակ, դա այն է, որպեսզի կարողանանք մեր իրավունքները միջազգայնորեն ամրագրենք, Ադրբեջանը նույնիսկ ընդունի, միջազգային հանրությունը դա ընդունի, որպեսզի ճանապարհները բացվեն, մեզ ոչ ոք չխանգարի, մենք նորմալ գոյատևենք մեր հարևանների հետ: Եվ իրոք մեզ հաջողվել է հենց այդ փաստաթղթով ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջին անգամ մեր պատմության ընթացքում, այդպիսի բան չի եղել: Ահավասիկ, դա է Մինսկի խմբի աշխատանքի, մեր դիվանագիտական աշխատանքի արդյունքում այդ ձեռքբերումը: Մադրիդյան փաստաթուղթը մեր դիվանագիտության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է»,- ասաց Օսկանյանը՝ շարունակելով, որ այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար իրենց այդ ձեռքբերումը փոշիացնում է: Սակայն, նրա վստահեցմամբ, ճիշտ դիվանագիտության պարագայում այդ փաստաթուղթն իր ուժը չի կորցրել, դա հիմնարար փաստաթուղթ է, որի նախաբանում նշվում են հիմնարար երեք սկզբունքներ՝
– ուժի չկիրառում և ուժի կիրառման սպառնալիքի բացառում;
– ինքնորոշման իրավունք;
– տարածքային ամբողջականություն:
Օսկանյանն ասաց, որ փաստաթուղթը մի քանի կարևոր բաղադրիչներ է պարունակում, առաջինը դա հանրաքվեն է, որ ԼՂ ժողովուրդը պետք է անցկացներ և որոշեր իր ճակատագիրը, այնտեղ թվական չկար, կոնկրետացում չկար, պարզապես սկզբունքն էր ֆիքսվում, բոլորը հասկանում էին, որ դա կարող է որոշ ժամանակ հետո տեղի ունենալ, դրա համար կար երկրորդ կարևոր բաղադրիչը՝ միջանկյալ կարգավիճակը, դա այդ օրերին ԼՂ-ի դե ֆակտո անկախ կարգավիճակի օրինականացումն էր, դրան դե յուրե հիմք տալը, միջանկյալ կարգավիճակը պետք է ճանաչեր ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, ներառյալ՝ Ադրբեջանը, Թուրքիան, բոլորը:
«Անվտանգության խորհուրդը պետք է բանաձև անցկացներ այդ միջանկյալ կարգավիճակի շարունակականությունն ապահովելու համար՝ մինչև հանրաքվեի միջոցով ԼՂ-ի կարգավիճակը որոշվելը: Դրանից հետո, այո, գալիս էր տարածքների վերադարձ՝ 5-ը, հետո՝ մյուս 2-ը, այնտեղ կար Լաչինի միջանցքը մոտավորապես 20 կմ լայնությամբ, որը պետք է ունենար նույն կարգավիճակը, ինչ միջանկյալ կարգավիճակ տրվում էր ԼՂ-ին: Երկարաժամկետ, եթե չասեմ՝ հավերժ, ամրագրվում էր ԼՂ դե ֆակտո անկախությունը»,- ասաց Օսկանյանը: Սակայն փաշինյանական իշխանության ներկայացուցիչներին ոչ 2018թ., ոչ առավել ևս այսօր հետաքրքիր չեն այս բացատրություններն ու մեկնաբանությունները, քանի որ, թերևս, նրանք շատ լավ տիրապետում են թե Մադրիդյան փաստաթղթին, թե դրա հիմքի վրա մշակված Կազանի փաստաթղթին և բանակցային ողջ պատմությանը, որի ընթացքում հայկական կողմերի կարմիր գիծն ըստ էության այն էր, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի» կազմում:
Վերադառնանք Փաշինյանին զուգահեռ՝ Ալիևի պնդումներին. նույն օրը հրապարակվեց Իլհամ Ալիևի հարցազրույցը թշնամական սուր հռետորաբանությամբ, կրկին սպառնալիքներով, վիրավորական խոսքերով, որոնք ուղղված էին ոչ միայն ՀՀ ներկայիս, այլև նախկին իշխանությունների և ողջ հայության հասցեին: Ի դեպ, այս հարցազրույցում Ալիևը Հայաստանն անվանում է թշնամական երկիր, իսկ հայերին՝ թշնամիներ: Ալիևը խոսել է խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին և անգամ շեշտել՝ Բաքուն հզորացնում է բանակը, որպեսզի պատրաստ լինի ցանկացած իրավիճակի, ու ինչպես հետպատերազմյան իր բոլոր հարցազրույցներում, առանձնահատուկ թշնամական բառապաշարով ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը հաղթել 44-օրյա պատերազմում. «Մենք ջախջախեցինք թշնամու գլուխը և մեծ հաղթանակ տարանք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Սակայն Հայաստանում կրկին ակտիվանում են ռևանշիստական ուժերը, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի»:
Ալիևը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»: «Հայաստանը, որն ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», այսօր պետք է կրկնի մեր ասածը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Որովհետև եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի»,- նշում է Ալիևը, ըստ էության վերջնագիր ներկայացնելով փաշինյանական իշխանությանը, որն էլ, ըստ էության Ալիևի պահանջը կատարում է, սակայն ոչ այնքան ուղիղ բառապաշարով: Ներկայումս Ալիևը հստակ ձևակերպում է պահանջում:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում նախ անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցի շուրջ ՀՀ իշխանությունների գեներացրած դիսկուրսին, ասաց, որ այն, թե նախկինում ինչ է բանակցվել, խոսվել, ինչ փաստաթղթեր են կողմերը քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որքան խնդրահարույց են եղել այդ բանակցությունները նախկինում, որևէ առնչություն չունեն պատերազմի արդյունքների և հետպատերազմյան զարգացումների հետ: Ըստ նրա, որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում այսօր Մադրիդյան սկզբունքներից կամ նրանից խոսելը, ինչ եղել է նախկինում, քանի որ դրանք չեն եղել, օրինակ, պատերազմում հայկական կողմի պարտության և տարածքային կորուստների պատճառը:
Լուկիանովը գտնում է, որ, իհարկե, ողջ գործընթացը, բանակցային բարդ պատմությունը, փաստաթղթերը, սկզբունքները, այդ ընթացքում միջնորդների դիրքավորումը կարևոր են, պետք է դրանք ուսումնասիրել, բայց հիմնական խնդիրները գալիս են Երևանի քաղաքականությունից, քաղաքական և ռազմական հաշվարկներից: «Այո, ներկայումս ևս իրավիճակը բարդ է, բարդացած են այդ քաղաքականության հետևանքով նաև դիվանագիտական մանևրի հնարավորությունները, որից օգտվելով՝ ադրբեջանական կողմն է՛լ ավելի է սրել իր հռետորաբանությունը: Ընդհանրապես աշխարհն արմատապես փոխվում է, և գլոբալ առումով ևս այսօր կարևոր չէ, թե ինչ է եղել նախկինում, այսօր գոյություն չունի նախկին որևէ պայմանավորվածություն, միջազգային իրավական ակտ, այսօր աշխարհը փոփոխման փուլում է, և կարևորը հենց ներկան է: Մեկ այլ իրավիճակում այդ հանգամանքն այդքան կարևոր չէր լինի»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:
Հարցին, թե ՀՀ իշխանությունները կընդունե՞ն արդյոք Ալիևի վերջնագիրը և կասե՞ն այն, ինչ ակնկալում է ադրբեջանական կողմը, Լուկիանովը պատասխանեց, որ բանակցային գործընթացում նման վերջնագրերն այդքան էլ հասկանալի չեն իրեն: «Բայց կրկին հասկանալով իրավիճակը, փաստորեն, դրանք հնարավոր են, և ինչ արդյունք կտան՝ կդժվարանամ ասել, քանի որ ԼՂ-ում կարծես այլ տրամադրություններ են, ՀՀ իշխանությունները հարցը թողել են ԼՂ հայությանն ու միջազգային համայնքին, Ադրբեջանը ուժ է գործադրում, ՌԴ-ն իր խնդիրների մեջ է թաղված, իրականում բարդ է կանխատեսում անել նման իրավիճակում»,- ասաց նա:
Իր հերթին՝ ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իր տպավորությամբ՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են ազատվել Ղարաբաղից, պարզապես մտահոգվելով հանրային արձագանքից՝ այդ մասին ուղիղ չեն հայտարարում և երևի թե չեն հայտարարի: Իսկ թե ինչո՞ւ է նման ուղիղ պահանջ դրվում, ըստ նրա՝ պետք է դիտարկել Ադրբեջանի իշխանությունների ուժային հռետորաբանության շրջանակում:
Խրամչիխինը ևս կարծում է, որ էական չէ, թե նախկինում ինչ է բանակցվել, թեև իր հիշողություններով նախկինում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը լիովին տարբեր էր: «Այսօր լիովին տարբեր ու նոր իրավիճակ է, պայմանավորված պատերազմում պարտությամբ և աշխարհաքաղաքական իրավիճակով, ինչպես նաև՝ Երևանի ցանկությամբ ՌԴ-ին դուրս բերել Հարավային Կովկասից»,- ասաց նա: