Բաժիններ՝

Հնադարյան Արցախ. բացվել է լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, խմբագիր, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հնադարյան Արցախ» խորագրով։ Ներկայացված է հեղինակի տարբեր տարիների՝ շուրջ 80 աշխատանք, որոնցում պատկերված է գրեթե ողջ Արցախի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր…

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, հոգեւորկաններ, արվեստի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես է եկել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, նշելով, որ ցուցահանդեսը ավելին է, քան պարզապես մշակութային ձեռնարկ, քանզի թեման ինքնին ընդգծում է նրա պատմական, հայրենասիրական, հոգեւոր կարեւորությունը։

«Այս ցուցադրության մեջ ուղերձ կա՝ սա մեր ժառանգությունն է, որ ստացել ենք մեր նախնիներից եւ պարտավոր ենք այն փոխանցել մեր ժառանգներին։ Ղողանջը, որ հնչում է բոլոր լուսանկարներից, պարտավորեցնող է, ղողանջ է զգոնության եւ սթափության։ Մենք պարտավոր ենք վերադառնալ եւ տեր կանգնել մեր ժառանգությանը», – հավելել է Արմեն Ծուլիկյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը միջոցառման ընթացքում օրհնանքի խոսք հնչեցրեց:

Հեղինակը, ներկայացնելով իր աշխատանքները, նշեց, որ լուսանկարները պատմում են բազմադարյա Արցախի՝ հայոց պատմության ակունքներից եկող այն հիմնական հուշարձանների մասին (Ամարաս, Ծիծեռնավանք, Դադիվանք…), որոնց գրեթե 90% այսօր գտնվում է գերության մեջ։

Միջոցառման ընթացքում հանդես են եկել երգահան, երգիչ Արսեն Համբարյանը՝ ռազմահայրենասիրական երգերով, «Բեկոր» համույթը՝ ազգագրական պարերով։

Թեքեյան կենտրոնում «Հնադարյան Արցախ» ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. մայիսի 5-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս