Աղքատությունը՝ քաղաքացիների գրպաններում, թոշակների ու աշխատավարձերի աճը՝ թղթի վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2022թ. կառավարության կատարողական զեկույցը, ԱԺ ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում էին ՀՀ քաղաքացիների միջին ամսական աշխատավարձերի ու կենսաթոշակների աճին։ Թեև այս ցուցանիշների վերաբերյալ անդրադարձներ շատ են եղել՝ ինչպես յուրաքանչյուր ամիս տնտեսական ակտիվության ցուցանիշների վերլուծության, այնպես էլ՝ Փաշինյանի ասուլիսների ժամանակ արված հայտարարություններին արձագանքելու տեսքով ոլորտի մասնագետների և տնտեսական լրագրողների կողմից, սակայն, հաշվի առնելով, որ ԱԺ ամբիոնից երկիրը ղեկավարող անձի կողմից հերթական անգամ արձանագրվեց ցուցանիշները մանիպուլացնելու և մակերեսային, սեփական քաղաքական շահը հետապնդող ձևակերպումներ և մեկնաբանություններ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ բացել սոցիալական այս ցուցանիշների փակագծերը։

Միջին անվանական աշխատավարձի աճ. ինչի մասին լռեց Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների համաձայն` 2022թ. մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 235 հազար 576 ՀՀ դրամ, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 62 հազար 849 ՀՀ դրամով կամ 36%-ով, իսկ 2022թ. ցուցանիշը՝ 31 հազար 528 դրամով կամ 15,5-ով: Սա կարևոր ցուցանիշ է, որն ի ցույց է դնում 2022թ. 8,6% գնաճը հակակշռելու քաղաքականության արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ 1 աշխատատեղին բաժին ընկնող միջին ամսական աշխատավարձի աճը գնաճից ավելի է շուրջ 80,2%-ով»:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում 2022թ., այո’, նախորդ տարվա համեմատ աճել է 15.5%-ով: Աճ է արձանագրվել նաև մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի մասով, որը կազմել է 19%:
Սակայն Փաշինյանի կողմից և կառավարության կատարողականի զեկույցում չի խոսվում այն մասին, որ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է բավական ցածր՝ ընդամենը 4.3% տեմպով: Թե ինչու է այս ցուցանիշը դուրս մնացել զեկույցից, կարծում ենք, պատահական չէ, քանի որ հենց այս՝ պետական հատվածից աշխատավարձ ստացողների թվում գերակշիռ մասը կազմում են ուսուցիչները և բժիշկները։

Իրավիճակն առավել մտահոգիչ պատկեր է ստանում, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022թ.-ին գրանցված գնաճի համատեքստում։ 2022թ.-ին աշխատավարձերի աճին զուգահեռ՝ գրանցվել է բավական բարձր՝ 8.6% գնաճ։ Այս պարագայում աշխատավարձերի աճի ցուցանիշները ստանում են հետևյալ պատկերը՝

  • Միջին իրական աշխատավարձ – 6.4%, ոչ թե 15.5%, ինչպես հայտարարում է կառավարությունը,
  • Մասնավոր հատվածի իրական աշխատավարձ – 9.6%, ոչ թե 19%,
  • Պետական հատվածի իրական աշխատավարձ – նվազում շուրջ 4%-ով և ոչ թե 4.3% աճ։

Ստացվում է, որ 2022թ., երբ Հայաստանում գնաճի բարձր աճ էր արձանագրվել, Հայաստանի վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի, որոնց թվում են ուսուցիչները և պետական բուժ. հիմնարկների աշխատակիցները, կանգնել են իրենց կենսամակարդակի էական նվազման փաստի առջև։ Մինչդեռ կառավարությունն իր կողմից հրապարակված զեկույցում, իսկ այնուհետև՝ նաև Փաշինյանն ԱԺ ամբիոնից դիտավորյալ անտեսում են այս փաստը, իսկ թվերի մանիպուլյացիան էլ ավելի ամրապնդելու համար հայտարարում. «Սա կարևոր ցուցանիշ է, որն ի ցույց է դնում 2022թ. 8,6% գնաճը հակակշռելու քաղաքականության արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ 1 աշխատատեղին բաժին ընկնող միջին ամսական աշխատավարձի աճը գնաճից ավելի է շուրջ 80,2%-ով»: Սակայն չպետք է խաբվել այս բառախաղին, քանի որ կառավարության՝ ի դեմս Փաշինյանի, ներկայացրած ցուցանիշները, թերևս, վերաբերում են միայն բնակչության շատ փոքր հատվածին և անտեսում են պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը։
Հակառակն է ապացուցում նաև այն, որ եթե հաշվի առնենք, որ իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 12.6%, ապա ակնհայտ է դառնում, որ իրական աշխատավարձերի աճը (ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր հատվածի) էապես զիջում է տնտեսությունում ստեղծվող արդյունքի աճին։ Սա նշանակում է, որ 2022թ.-ին տնտեսությունում ստեղծված լրացուցիչ արդյունքն անհամաչափ է բաշխվել ու առավելապես բաժին է հասել կապիտալին, ասել է թե՝ բիզնեսի սեփականատերերին, և ոչ թե՝ աշխատողներին: 

Կենսաթոշակներ. Կա՞ արդյոք բարձրացում, թե՞ միայն ականջահաճո ձևակերպումներ

Փաշինյանն ԱԺ ամբիոնից արձանագրում է, որ հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարևոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են, և հավելում, որ 2023թ. նախատեսված կենսաթոշակների բարձրացումն իրականացվել է 2022թ. սեպտեմբերից` 4 ամիս շուտ։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք բյուջետային բարենպաստ այդ պայմաններից և հավաքագրված հարկերի ծավալներից օգուտ ունեցել են Հայաստանի թոշակառուները, թե՞ ոչ։

Փաշինյանը նշում է. «2022թ. բարձրացումների շնորհիվ Հայաստանում նվազագույն կենսաթոշակն աճել է 19%-ով՝ 26 հազար 500 դրամից դառնալով 31 հազար 600 դրամ: Նաև աճել է նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76%՝ 2018թ. 66%-ի փոխարեն»: Կառավարության կողմից հրապարակված զեկույցում ներկայացվում է միջին կենսաթոշակի աճը։ Զեկույցում գրված է. «Տարվա ընթացքում կատարված բարձրացումների շնորհիվ միջին կենսաթոշակը դարձել է 46 200 ՀՀ դրամ՝ 43 500 ՀՀ դրամի փոխարեն»։ Հիմք ընդունելով կառավարության զեկույցի մեջ հրապարակված արդյունքները՝ կարող ենք արձանագրել, որ տոկոսային առումով միջին կենսաթոշակի աճը կազմել է 6.2%: Բացի այդ, չպետք է այս պարագայում ևս մոռանալ գնաճի 8.6% գործոնը։ Թոշակառուները ստացված ողջ կենսաթոշակը ծախսում են սննդամթերքի, անհրաժեշտ այլ ապրանքների ձեռքբերման վրա և օգտվում մի շարք ծառայություններից, որոնց գների աճն էլ ավելի է բարձրացել հաշվետու ժամանակաշրջանում։ Արդյունքում ստացվում է, որ կենսաթոշակներն իրականում բարձրացել են ընդամենը 2.2%-ով։ Այսինքն, թոշակառուների կենսամակարդակը ևս 2022թ. ընթացքում որևէ կերպ չի բարելավվել։

Այն փաստին, որ ՀՀ բնակչության կենսամակարդակը չի բարելավվել, կարելի է առերեսվել յուրաքանչյուր օր՝ գնումներ կատարելիս պարզապես նայել շուրջը և տեսնել, որ մարդիկ խանութում ընտրում են առավել մատչելի ապրանքներ, որ թոշակառուներն իրենց առօրյա գնումները կատարելիս շատ հազվադեպ են կարողանում իրենց թույլ տալ գնել միս, քանի որ վերջինիս 1կգ-ն տատանվում է 5500-7000 դրամի սահմաններում։ Հարցրե’ք փողոցով անցնող յուրաքանչյուր թոշակառուի, թե արդյո՞ք վերջինս կարող է իր ստացած թոշակով վճարել իր տան կոմունալ վճարները։ Պատասխանը համատարած կլինի հետևյալը՝ «ոչ, եթե երեխաներս չօգնեն, ո՛չ լույս կունենամ, ո՛չ գազ, ո՛չ ջուր»։ Ինչ վերաբերում է աշխատավարձ ստացողներին, ապա պարզապես հարցրե’ք բոլոր նրանց, ովքեր սեփական ավտոմեքենա չունեն և ստիպված են տեղաշարժվել հանրային տրանսպորտով։ Այդ մարդկանց զգալի մասը կփաստի, որ հանրային տրանսպորտը լավ չի աշխատում, և, աշխատավայրից չուշանալու համար ստիպված լինելով դիմել տաքսի ծառայություններին, ամսվա կտրվածքով ամբողջ աշխատավարձի 25-30%-ը տալիս են միայն դրան։

Օրինակները շատ են, կարելի է անվերջ թվել, սակայն վատ է, որ ժամանակին ընդդիմադիր եղած ներկայիս իշխանությունները, ովքեր կոկորդ էին պատռում՝ խոսելով, որ ժողովուրդը վատ է ապրում, որ ժողովրդի փողերը գողանում են, իսկ իրենք գալու են, և երկնքից մանանա է թափվելու, իշխանական աթոռներին տեղավորվելուց, պարիսպներով շրջապատված ու սպասավորներով լցված առանձնատներ տեղափոխվելուց հետո շատ արագ մոռացան, թե ինչ է նշանակում, երբ չունես օրվա չոր հացի, դեղամիջոցների փող, երեխայիդ մեկ շոկոլադ գնելու գումար, մինչդեռ խանութների դարակաշարերը պարզապես պայթում են ապրանքների առատությունից։ Դե, այո’, Փաշինյանը շարունակում է պնդել, որ աղքատությունը մարդկանց գլխում է, մյուս մասն էլ պարզապես չի ցանկանում աշխատել ու զարգանալ։ Ոչինչ, կարևորը՝ ինքը և իր թիմակիցները կարողացան հաղթահարել այդ «կոմպլեքսը»՝ շատ արագ վերափոխեցին իրենց կյանքը հարուստների և արիստոկրատների ապրելակերպին հարիր, իսկ ժողովուրդը մի կերպ կդիմակայի։

Տեսանյութեր

Լրահոս