Բացարձակ, բացարձակ, բացարձակ ռեկորդակիր ենք. Փաշինյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով 2022 թվականի Կառավարության կատարողականը, համեմատելով՝ անդրադարձավ 2022 և 2023 թվականների առաջին եռամսյակների արձանագրած տնտեսական ցուցանիշներին։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ տարի ՀՀ տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս, ինչն աննախադեպ է վերջին 15 տարիների համար։
«Սա նշանակալի աճ է, և համաձայն արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է։ 2021 թվականին մեկ շնչին ընկող 4679 դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին դարձել է 6569 դոլար։ Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի փոխարժեքը, բայց փոխարժեքը միակ գործոնը չէ։ 2022 թվականի տնտեսական աճը մեզ մղում է ավելի արագացնել այն բարեփոխումները, որոնք մեր օրակարգում են, որպեսզի կարողանանք սպասարկել աճի ավելի բարձր ուղեծիր և ամրապնդել այս տնտեսական աճը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա ասաց, որ 2022 թվականին Հայաստանում ստեղծվել է ավելի քան 12 հազար ընկերություն և 25 հազար անհատ ձեռնարկություն։ Կատարված ներդրումների նախնական գնահատումը կազմում է մեկ տրիլիոն 688 մլրդ դրամ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը գրեթե եռապատկվել է, դարձել 1 մլրդ դոլար, շոշափելիորեն աճելով նախորդ բոլոր տարիների նկատմամբ։
«Այս իմաստով էական է նաև կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը։ 2022-2026 թվականնների Կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին այդ ցուցանիշը հասցնել 60,5 տոկոսի, իսկ 2026 թվականին՝ 53,8 տոկոսի։ Մինչդեռ 2022 թվականի արդյունքներով Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն արդեն նվազել է 50 տոկոսից՝ կազմելով 46,7 տոկոս»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում