Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կմ տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենալու

«Մեր մտքերի ու գործողությունների ընթացքը պետք է հասկանալի դարձնենք Հայաստանի քաղաքացիներին, երբ նրանք դա հասկանան, նրանք դա նաև կընդունեն»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երբ ներկայացնում էր Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Ձեզ և մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, մեր խոսակցության թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում և կորցնենք էմոցիոնալ, վիզուալ և քաղաքական կապը ՀՀ քաղաքացիների հետ, կամ աղմուկի մեջ խոսակցությունը կորչի: Մենք նման բան պետք է թույլ չտանք, և երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան, նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի:

Նրանք մեզ հասկանում են, որովհետև ինչպես ասել եմ մեր մի քանի հավաքներում՝ մեր ամենամեծ թերությունը և ամենամեծ առավելությունն այն է, որ մենք ամենևին էլ, այսպես ասած՝ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից»:

Փաշինյանը խոսեց ստեղծված իրավիճակում առկա իրենց թերությունների և առավելությունների մասին.

Կարդացեք նաև

«Թերությունն այն է, որ բարոյական արգելքներն ու արգելակները մեզ թույլ չեն տալիս ժողովրդի թիկունքում գործարքների գնալ այլ էլիտաների հետ, ինչն իրենց շուրջ մեծացնում է լարվածությունը:

Առավելությունն այն է, որ մենք շարունակում ենք էմոցիոնալ, սոցիալ-հոգեբանական ամուր կապի մեջ լինել, պորտալարով կապված լինել մեր ժողովրդի հետ, ինչը հնարավորություն է տալիս լռելյայն հասկանալ շատ բաներ, որոնց բարձրաձայնումը կարող է բերել նույնիսկ միջազգային սկանդալների և աշխարհաքաղաքական պրոբլեմների:

Վերադառնալով «խաղաղության» հնարավորությանը և նման հնարավորություն ստեղծելու խնդրին, պիտի արձանագրեմ հետևյալը՝

Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում, ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել, և մենք որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ ո՛չ միայն չունենք, այլև չե՛նք ունենալու երբևէ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս