Տեղ համայնքի միջադեպը տալիս է հայ-ադրբեջանական հակամարտության ներկա փուլի որակական ռենտգենը, իսկ ախտորոշումը չափազանց բարդ է. Մարկեդոնով

«Տեղ գյուղի միջադեպը՝ հայ-ադրբեջանական հակամարտության «ռենտգեն պատկերը»»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով օրերս Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հրահրմամբ գրանցված արյունալի բախմանը:

Նա մասնավորապես գրել է, որ միջադեպերը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հազվադեպ երևույթ չեն, և դրանք, ցավոք, քաղաքական գործիչների, փորձագետների և լրատվամիջոցների կողմից ընկալվում են՝ որպես առօրեական հանգամանք:

Սակայն, ըստ ռուս փորձագետի, Տեղ համայնքի մոտ տեղի ունեցած միջադեպը մեծ ուշադրություն է պահանջում, և սա իր տեսակով առաջին նշանակալից իրադարձությունն էր Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայումից հետո: Մարկեդոնովը մեջբերել է նաև եվրոպական կողմի տարածած հաղորդագրությունը:

«Ադրբեջանի հետ սահմանին եվրոպացի դիտորդներ տեղակայելիս պաշտոնական Երևանի առանցքային նկատառումներից մեկը ՀԱՊԿ-ի անարդյունավետության մասին թեզն էր։ Կազմակերպությունը իբրև թե միայն զսպվածության կոչ է անում հակամարտության մասնակիցներին, չի նշում մեղավորների անունները և դանդաղ է արձագանքում։ Բայց գործնականում պարզվեց, որ EUMA-ն ևս չի շտապում հստակեցնել մեղավորին»,- նկատել է Մարկեդոնովը՝ շարունակելով, որ նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ տարիներ ընթացքում արել էր նաև ԵԱՀԿ ՄԽ-ն: Միևնույն ժամանակ Մարկեդոնովը հիշեցնում է, որ իրավիճակից օգտվել է Ռուսաստանը և մատնանշել այս փաստը, իսկ ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը քննարկվում է, և ըստ Մոսկվայի՝ «գնդակը Երևանի դաշտում է»:

Սակայն Մարկեդոնովը նշում է, որ այս ամենը շատ ավելի խորը շերտեր է բացահայտում, քան միայն եվրոպացիների կոնֆուզն էր: «Նախ, Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ղարաբաղյան չէ, միջպետական ​​սահմանի կոնֆիգուրացիան և երկու երկրների քաղաքական ու աշխարհագրական ուրվագծերն են առանցքային թեման, իսկ Տեղի նման գյուղերը շատ են։

Երկրորդ, Բաքուն և Երևանն իրենք չեն կարող և չեն ցանկանում հասնել փոխշահավետ փոխզիջման, տարբեր «բրոքերներ» դա անում են նրանց փոխարեն՝ ազնվության և «հիանալիի» մասին սեփական պատկերացումների չափով:

Երրորդ, հակամարտությունում աշխարհաքաղաքականացումն ուժեղ է, ինչպես երբեք: Մինչև 2022 թվականը Արևմուտքն ու Ռուսաստանը բացահայտ չէին մրցակցում հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Այժմ այստեղ է հայտնվել նաև տխրահռչակ «զրոյական գումարով խաղը»:

Հիմա աշխարհաքաղաքական հակառակորդի ցանկացած խայտառակություն և ցանկացած անփութություն օգտագործվում է նրա իսկ դեմ։ Եվ հավատացեք ինձ, Արևմուտքը հաճույք կզգա Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ցանկացած դժվարությունից:

Եվ ահա պրագմատիկ հարցը՝ արժե՞ կենտրոնանալ աշխարհաքաղաքական հաճույքի վրա, թե՞ ավելի լավ է ոչ թե նախատել ուրիշին, այլ ակտիվորեն առաջ տանել սեփականը: Այսպիսով, Տեղը տալիս է հայ-ադրբեջանական հակամարտության ներկա փուլի որակական ռենտգենը։ Իսկ ախտորոշումը չափազանց բարդ է»,- գրել է Մարկեդոնովը:

Տեսանյութեր

Լրահոս