Բաժիններ՝

Սլովակիան արգելել է ուկրաինական հացահատիկի վերամշակումն ու վաճառքը

Սլովակիայի իշխանություններն արգելել են երկրում կուտակված ուկրաինական հացահատիկի և դրանից պատրաստված ալյուրի վերամշակումն ու վաճառքը: Ըստ Սլովակիայի գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման նախարարության՝ դրա պատճառն այն է, որ ուկրաինական հացահատիկում հայտնաբերվել է ԵՄ-ում չթույլատրված թունաքիմիկատ, որը բացասաբար է ազդում առողջության վրա։

Հաղորդվում է, որ կատարվել է ուկրաինական 1500 տոննա ցորենի անալիզ։ Քիմիական միացության առկայության մասին Բրատիսլավան անհապաղ կտեղեկացնի ԵՄ-ի պետությունների գործընկեր գյուղատնտեսական գերատեսչություններին։ Բացի այդ, նմուշառվելու է Ուկրաինայից ամբողջ հացահատիկը և ալյուրը, որոնք պահվում են Սլովակիայում:

Թե որքան ժամանակով է այդ արգելքը սահմանվել, չի հստակեցվում։ Բրատիսլավան որոշման մասին կծանուցի Ուկրաինայի դեսպան Միրոսլավ Կաստրանին, ինչպես նաև Վիշեգրադյան խմբի երկրներին (Սլովակիա, Չեխիա, Լեհաստան և Հունգարիա), Բուլղարիային և Ռումինիային։

Նախարարությունն առայժմ խորհուրդ չի տալիս ուկրաինական հացահատիկի և հացահատիկային ապրանքների ներմուծում։

Ավելի վաղ լեհական շուկայում ուկրաինական էժան հացահատիկի գերավելցուկը դժգոհություն էր առաջացրել տեղի ֆերմերների շրջանում: Բողոքների ֆոնին Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Հենրիկ Կովալչիկն ստիպված է եղել հրաժարական տալ։

«Ուկրաինան առաջարկել է որոշ ժամանակով կտրուկ սահմանափակել հացահատիկի արտահանումը Լեհաստան, և ներկայում նույնիսկ ամբողջությամբ դադարեցնել այն», – ապրիլի 7-ին Դորոհուսկ քաղաքում Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Սոլսկիի հետ հանդիպումից հետո ասել է Լեհաստանի նոր գյուղատնտեսության նախարար Ռոբերտ Տելուսը։

Տելուսի խոսքով՝ Սոլսկին իրեն վստահեցրել է, որ Կիևը կդադարեցնի ցորենի, եգիպտացորենի, հլածուկի և արևածաղկի սերմերի արտահանումը Լեհաստան մինչև նոր բերքահավաքի սկսվելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս