Կիմ Չեն Ընը ցանկանում է վախ սերմանել հակառակորդների մեջ. ԿԺԴՀ-ն հայտնել է կոշտ վառելիքով աշխատող նոր հրթիռի փորձարկման մասին
ԿԺԴՀ-ն ապրիլի 13-ին առաջին անգամ իրականացրել է կոշտ վառելիքով աշխատող նոր «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) արձակումը: Նման հայտարարություն է տարածել Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Հաղորդվում է, որ փորձարկումները «բացասական ազդեցություն չեն ունեցել հարևան երկրների անվտանգության վրա»։ Հրթիռի երկու աստիճաններն ընկել են ծովը` ԿԺԴՀ-ի արևելյան ափից 10 և 335 կմ հեռավորության վրա։ Ըստ Փհենյանի՝ նոր ՄԲՀ-ն պետք է դառնա երկրի «ռազմավարական զինված ուժերի հիմնական միջոցը» և կարևոր դեր կխաղա զսպման գործում։
Արձակումը գլխավորել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նա «գոհունակություն է հայտնել արձակման արդյունքներից»։
««Հվանսոն-18» ՄԲՀ-ի նոր մոդելի մշակումը թույլ կտա արմատապես վերակառուցել մեր ռազմավարական զսպման ուժերի կազմը, կտրուկ բարձրացնել միջուկային հակագրոհի արդյունավետությունն ու պատրաստականությունը և փոխել հարձակողական ռազմավարության գործնականությունը», – ասել է նա:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները կշարունակեն այնպես անել, որպեսզի «հակառակորդներն անվտանգության ավելի ակնհայտ ճգնաժամ զգան», և իրենց հակամիջոցներով վախ կսերմանեն նրանց մեջ այնքան, մինչև «անբարյացակամ անձինք հրաժարվեն իրենց ագրեսիվ քաղաքականությունից»։
Հյուսիսային Կորեան «Հվանսոն-18»-ի փորձարկումն անցկացրել է ապրիլի 13-ի առավոտյան։ Հրթիռի արձակման պատճառով Հոկայդո կղզու դպրոցներում դասերի սկսվելու ժամերը հետաձգվել են, որոշ գնացքների աշխատանքը դադարեցվել է: Ճապոնիայում տարհանման հրահանգ է տրվել, որը 30 րոպե անց չեղարկվել է, քանի որ հրթիռը կղզու մոտ չի ընկել:
Այս տարի Հյուսիսային Կորեան արդեն 27 հրթիռ է արձակել: Փհենյանը քննադատում է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները՝ նրանց մեղադրելով Կորեական թերակղզում լարվածությունը սրելու մեջ: