Եթե իշխանությունը չընդունի ՀԱՊԿ-ի՝Հայաստանին օգնելու առաջարկը, ապա հերթական դավաճանական արարն է իրականացնելու. Դավիթ Ջամալյան
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը երեկ՝ ապրիլի 13-ին,«Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը պատրաստվումէռազմական էսկալացիայի Հայաստանի նկատմամբ, և ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցածն այդ ամենի մի մասն էր։
«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի, և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրամաբանության մեջ:
Ադրբեջանը սա պլանավորած է արել:Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով հետախուզական տվյալներին:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է,և այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,-իր հարցազրույցում ասել էր Արմեն Գրիգորյանը։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, խոսելով ԱԽ քարտուղարի այս հայտարարության մասին և պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում ադրբեջանական էսկալացիային դիմագրավելու և չեզոքացնելու համար, նկատեց.«պետք է տարանջատել հավաքական «մենք»-ը ՀՀ իշխանության ղեկին հայտնված մարիգինալ թրքահպատակներից, քանի որ նրանք հավաքական «մենք»-ի հետ որևէ առնչություն չունեն»։
«Մի կողմից՝ այս իշխանությունը ֆիքսումէ, որ Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, նոր ագրեսիայի, բայց մյուս կողմից՝ հակընդդեմ քայլեր իրականացնելու փոխարեն, մերկացնում են սահմանը՝ առաջին պլան մղելով սահմանապահ զորքերին, որոնց գործառույթի մեջ մտնում է սահմանի պահպանությունը։ Մինչդեռ Զինված ուժերի զինվորներն իրական կոնֆլիկտի ժամանակ իրականացնում են պետական սահմանի մարտական պահպանությունը, այսինքն՝ առհասարակ սահմանապահ զորքը պետական սահմանի պահպանությունը սկսումէ իրականացնել բոլոր այն դեպքերում, երբ հարևան երկրի հետ կոնֆլիկտը հարթված է, երկու երկրների հետ հարաբերությունները կարգավորված են, ապա նոր միայն այդ դեպքում միջպետական սահմանը երկու կողմից հսկվում է համապատասխան սահմանապահ ծառայությունների կողմից։ Առնվազն հանցագործություն է՝ երկրի, տվյալ տարածաշրջանի ժողովրդի հանդեպ կոնֆլիկտի և հարաճուն լարվածության նախօրեին խոսել ամենավտանգավոր տեղանքում սահմանապահ ծառայություն տեղակայելու մասին։ Այս պայմաններում սահմանների պաշտպանությունն ընկնելու է,և նման պայմաններում սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հնարավոր էսկալացիայի դեպքում ադրբեջանական ագրեսիան ավելի դյուրին դարձնելու քայլ»,-նշեց Դավիթ Ջամալյանը։
Այս համատեքստում ռազմական փորձագետը բոլորի ուշադրությունը հրավիրում է հետևյալ հանգամանքի վրա՝ եթե այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանները դեռևս դելիմիտացված ու դեմարկացված չեն, ինչո՞ւ է իշխանությունը թույլ տալիս, որպեսզի Ադրբեջանն առաջ գա և իր հայեցողությամբ՝ որտեղ ցանկանա, այնտեղ դիրքեր զբաղեցնի։
Շարունակելով միտքը՝ Դավիթ Ջամալյանը նաև ասաց, որ եթե Հայաստանի իշխանությունը նկատում է ադրբեջանական նոր էսկալացիայի անխուսափելիությունը, ապա առաջնահերթ կերպով ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին կամ միանգամից դաշնակից Ռուսաստանին, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, որոնք նախատեսված են հայ-ռուսական ռազմական դաշինքով։
«Եթե առաջիկայում Հայաստանի իշխանությունը չընդունի ՀԱՊԿ-ի՝Հայաստանին օգնելու առաջարկը, կնշանակի, որ իշխանությունը հերթական դավաճանական արարն է իրականացնելու՝ ադրբեջանական ագրեսիայի առջև լայն բացելով երկրի դարպասները։
Տեսեք, թե ինչ են ասում մեր իշխանությունները, ասում են՝ ՀԱՊԿ-ը պետք է քաղաքական գնահատական տա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիայի վերաբերյալ՝ շատ լավ հասկանալով, որ այդ կառույցը բաղկացածէտարբեր երկրներից, որոնցից առնվազն մի քանիսը սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ։
Ավելին՝ երբեք ՀԱՊԿ-ից ընդհանուր համատեքստում Ադրբեջանին դատապարտող որևէ գնահատական չի լինելու։ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար եղել ու մնում է ռազմական օգնություն ստանալու այլընտրանքային ձևաչափ, և ռուսական կողմը, հասկանալով, որ ՀԱՊԿ-ում կան հակասություններ, առաջարկում է հետևյալը, որ, եղբա՛յր, թղթի վրա ինչ-որ գնահատական տալն ի՞նչ է տալու ձեզ։
Այսինքն՝ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի միջոցով պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ ռազմական օգնությունը, ինչո՞ւ են մերժում»,-ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ աջակցությունը Հայաստանին նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը վերականգնի Զինված ուժերի նախկին մարտունակությունը։
«Մեր ռազմական հեռահար շահերը համընկնում են Ռուսաստանի ու Իրանի հետ, ելնելով այդ շահերի համընկնումից՝ ՌԴ-ն առաջարկում է օգնություն, սակայն օրվա իշխանությունը չի ընդունում։ Հիմա, երբ ԱԽ քարտուղարի պատասխանատու պաշտոնում հայտնված ոչինչը հայտարարում է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է էսկալացիայի, հարց է առաջանում՝ բա դու ի՞նչ ես անում, որ այդ էսկալացիան կանխես։ Ինչո՞ւ չես ընդունում քեզ մեկնած ձեռքը, որպեսզի այդ ագրեսիան կանխես։ Կրկնում եմ՝ եթե առաջիկայում ՀՀ իշխանությունը չընդունեց Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի առաջարկությունը՝ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, կնշանակի, որ իշխանությունը դառնալու է հերթական մեծ ողբերգության պատասխանատուն»,-եզրափակեց Դավիթ Ջամալյանը։