Մեծ Բրիտանիան 822 մլն դոլար է հատկացրել նոր կործանիչի մշակման համար
Մեծ Բրիտանիայի իշխանությունները 656 մլն ֆունտ (822 մլն դոլար) են հատկացրել BAE Systems կորպորացիային՝ Ճապոնիայի և Իտալիայի հետ համատեղ նոր կործանիչի մշակման համար:
«Ապագա կործանիչի ֆինանսավորման hաջորդ տրանշը կօգնի միավորել մեր երկրի, ինչպես նաև Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր գործընկերների տեխնոլոգիաները և գիտելիքները՝ այս առաջատար կործանիչը մինչև 2035 թ.-ը մատակարարելու համար», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Ակնկալվում է, որ մինչև 2025 թվականը Միացյալ Թագավորությունը նախագծում կներդնի 2 միլիարդ ֆունտ (2,5 միլիարդ դոլար):
Մեծ Բրիտանիայի և Իտալիայի նոր սերնդի «Թեմպեստ» և Ճապոնիայի F-X կործանիչների համալիրի զարգացման ծրագրերը GCAP (Global Combat Air Programme) մեկ նախաձեռնության մեջ միաձուլելու մասին հայտարարվել է 2022 թվականի դեկտեմբերի 9-ին։ Հայտարարության համաձայն՝ նախագծի նպատակն է ստեղծել նորագույն կործանիչ, որը սպառազինության կհանձնվի մինչև 2035 թվականի վերջը։ Առաջատար կապալառու ընկերությունների թվում են Մեծ Բրիտանիայի BAE Systems կորպորացիան, Ճապոնիայի Mitsubishi Heavy Industries-ը և Իտալիայի Leonardo-ն: Բացի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից, սա պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ճապոնիայի առաջին խոշոր համագործակցությունն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր: