Փաշինյանը սեփական անձը պաշտպանելիս աննախադեպ ֆանտազիա եւ հնարամտություն է դրսեւորում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն ՀՀ սահմանների անպաշտպան, անտեր-անտիրական վիճակի, Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների պաշտպանությունն աննախադեպ մտածված եւ կուռ է կազմակերպված։ Սեփական անձը պաշտպանելիս ՀՀ իշխանությունն աննախադեպ ֆանտազիա եւ հնարամտություն է դրսեւորում, ինչը բացարձակապես չի դրսեւորվում երկիրը պաշտպանելիս։
Նախօրեին Տեղ գյուղում սկսված փոխհրաձգությունից հաշված րոպեներ հետո Պռոշյան փողոցի կառավարության առանձնատների՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց հարյուրավոր ոստիկաններ էին շարվել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը թերեւս վախեր է ունեցել, որ քաղաքացիները ոտքի կկանգնեն, եւ շտապել է րոպե առաջ երկաթյա պաշտպանության պատվար ստեղծել։ Երեկ էլ՝ խորհրդարան ժամանելուց մոտ մեկ ժամ առաջ, Դեմիրճյան փողոցում էին զորք կուտակել, որպեսզի խուսափեն տհաճ միջադեպերից»