«Լայնածավալ ռազմական գործողության պետք է սպասել. նման բան պատերազմի նախաշեմին է ասվում». Հայկ Նահապետյան
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի կապ կար, սակայն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարություն է տարածել, որ այդ կապը կտրել են, իսկ նման հայտարարություններ սովորաբար պատերազմի շեմին են անում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գրանցված միջադեպին:
«Մարիա Զախարովան այսօր ասել է, որ ՌԴ զինված ուժերի և սահմանապահ զորքերի ջանքերի շնորհիվ է դադարեցվել հերթական էսկալացիան: Իսկ ինչո՞ւ էր հայկական կողմն այդտեղ շատ ուշ՝ 2.5 տարի հետո հենակետ դնում, կամ ադրբեջանցիներն այդտեղ 12 օր աշխատել են, հետո նոր հայերն են տեղադրել, ինչո՞ւ: Ինչո՞ւ է, օրինակ՝ այդ բանակցությունների վայր բանակային կորպուսի հրամանատար գալիս, որը հետո վիրավորվում է: Այնպես որ, սրանք հարցեր են, որոնք բավականին խորհելու առիթ են տալիս: Եթե սադրանքի մասին է խոսվում, կարծում եմ՝ այդտեղ ինժեներական աշխատանքներ կատարելն արդեն իսկ սադրանք է:
Ես սահմանում ծառայած սպա եմ, երբևէ չի՛ կարելի միջդիրքային հեռավորությունը 100-120 մետր լինի, որովհետև հետագայում այդ միջդիրքային փոքր հեռավորությունը, այն էլ բաց դաշտում, ցանկացած կողմի համար գայթակղություն է, կարող է առաջանալ սադրելու ու շատ արագ գործողություններ կատարելու ցանկություն, ներառյալ՝ այդ սադրանքը կարող է տեղի ունենալ տվյալ մարտական հենակետի հրամանատարի անձնական նախաձեռնությամբ, ոչ թե պետական մակարդակով, դրա համար հեռավորությունները միշտ մեծ են վերցնում: Հայերը ինչո՞ւ են այդքան մոտ դիրքավորվել, հա՛, մեր հողում է, բայց Փաշինյանն ասում է՝ ես քարտեզ ունեմ, Եվրամիությունն էլ Հայաստանի այդ քարտեզը ճանաչել է, այդ քարտեզի հիման վրա ադրբեջանցիները իրենց տարածքում են, հետո եկել են մեր տարածք բանակցելու, ինչո՞ւ է նման բան արվում:
Բանակցության ժամանակ ադրբեջանցիներ են զոհվել, կարող է՝ իրենցից մեկի նյարդերը տեղի է տվել այդ հայհոյախառն խոսակցությունից, քաշքշելուց հետո, կարող է՝ առաջինն իրենք են կրակել, ես չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ, որ բանակցությունների ժամանակ են զինծառայողները խփվել, թե ադրբեջանցիները, թե հայերը:
Հիմա ադրբեջանական կողմը սրան ո՞նց նայի: Դրա համար էլ Բայրամովն այսօր հայտարարեց, որ 2 երկրի ղեկավարների անմիջական կապը կտրվում է, իսկ նման բան սովորաբար պատերազմի նախաշեմին է արվում»:
Հայկ Նահապետյանը դեռ 10 օր առաջ էր 168.am-ի հետ զրույցում ասել՝ «փաստը մնում է փաստ, որ վաղօրոք պայմանավորվածություններ կան Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, և այդ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում ունենք այն, ինչ ունենք, որից անտեղյակ են թե՛ ժողովուրդը, թե՛ Տեղի բնակիչները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը»:
Իսկ այսօր հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ հենց այդ բանավոր պայմանավորվածությունների իրագործման սցենարի մեջ են նաև նման սահմանային լարվածությունները, ռազմական փորձագետը չբացառեց.
«Կարծում եմ՝ այո, ես չեմ բացառում, որովհետև այս միջադեպից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարում է, որ կասեցնում է երկրի ղեկավարների միջև անմիջական կապը, սա բավականին լուրջ ազդակ է մեզ համար: Իսկ նրանք հիմնավորել են, որ բանակցող կողմի բանակցությունների ժամանակ են խփվել:
Դիտարկմանը, որ դուք ահազանգում էիք, որ նման միջադեպերը կարող են տեղի ունենալ նաև Հայաստանի այլ մարզերում, մասնավորապես՝ Տավուշում և Գեղարքունիում, երեկ էլ ականատես եղանք, որ բացի Տեղ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպից, թշնամին կրակել էր նաև Սոթքի ուղղությամբ, Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները տարհանվել էին, Նահապետյանն ասաց, որ պետք է վատթարագույնին սպասել.
«Լայնածավալ ռազմական գործողություն: Եվ Ռուսաստանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատահական չէին ապրիլի սկզբին ասում, որ վիճակը ծայրահեղ ծանր է, Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանում ժամ առաջ ՀԱՊԿ դիտորդներ, ՀԱՊԿ զորավարժություններ, Մարիա Զախարովան էլ ասաց՝ նաև ՀԱՊԿ խաղաղապահներ, որ կանխարգելի այդ պայթյունը, բայց Նիկոլը չի ստորագրում մտացածին պատրվակներով:
Այսինքն՝ Արևմուտքն է ուզում այստեղ պայթեցնել: Իրավիճակից ելքը ժամ առաջ խաղաղապահների տեղակայումն է:
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները հարցն օրակարգային են դարձնում, արտահերթ նիստում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ Փաշինյանը պետք է ստորագրի, սա է միակ կանխարգելիչը լայնածավալ ռազմական գործողությունների դեմն առնելու, այլ տարբերակ չկա՛, մնացածը կենացների դաշտից է»: