ԼՂ-ի դեպքում կարևոր է, որ սկսվի անկեղծ քննարկում, թե ինչպիսին է Բաքվի տեսլականը լայն իմաստով, ի՞նչ է դրված սեղանին. Տոյվո Կլաար
«Հաշվի առնելով հակամարտության պատմությունը, ակնհայտորեն անհրաժեշտ կլինի որոշակի անվտանգային նախապատրաստություններ, որի պայմաններում մարդիկ իրենց անվտանգ կզգան, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք»,- այս մասին քիչ առաջ «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելություն տեղակայի ԼՂ-ում, և արդյո՞ք ԵՄ շրջանակներում դրա մասին մտածում են:
Կլաարն ասաց, որ հիպոթետիկ հարցերը խթանող են, բայց պետք է ժամանակ առ ժամանակ մնան անպատասխան: «Ես կարծում եմ և այդ մասին նախկինում հրապարակայնորեն ասել եմ, որ հաշվի առնելով հակամարտության պատմությունը՝ ակնհայտորեն անհրաժեշտ կլինի որոշակի անվտանգային նախապատրաստություններ, որի պայմաններում մարդիկ իրենց անվտանգ կզգան, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք: Բայց պարզապես ենթադրել, որ մենք կարող ենք գնալ ամբողջական բաժանումից դեպի ամբողջական ինտեգրում, ես չեմ կարծում, որ դա որևէ տեղ աշխատել է նման պատմությամբ հակամարտության դեպքում: Ուստի կարծում եմ՝ կարևոր է, որ սկսվի անկեղծ քննարկում, թե ինչպիսին է Բաքվի տեսլականը լայն իմաստով, ի՞նչ է դրված սեղանին: Ցանկացած ձևաչափով, սակայն, պետք է լինի քննարկում ու ներգրավում այս իմաստով»,- ասաց Կլաարը:
Նա նշեց, որ Խաղաղության համաձայնագրի քննարկումները շարունակվում են, եղել են տեքստերի փոխանակումներ:
«Ես չէի ասի, որ գործընթացը կանգնած է, սա մի գործընթաց է, որը կարիք ունի առաջմղման, բայց հարցը, որը հնչեց նաև այսօր, թե ի՞նչ է լինելու Խաղաղության համաձայնագրից հետո, ինչպե՞ս ենք իրականում համապարփակ խաղաղություն ապահովելու, և դա ներառում է նաև Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, դա ներառում է հաղորդուղիները, դա ներառում է հարցը, թե ինչպես են մարդիկ Հայաստանում ու Ադրբեջանում սկսելու շփվել: Մեկ բան է ունենալ խաղաղության համաձայնագիր, բայց ի վերջո այս հակամարտության հետևանքով առաջացած այս հարցերը պետք է լուծվեն»,-ասաց Կլաարը: