Շինարարները համապատաախան մաֆիային տրամադրում են շինաղբ. Տիգրան Ավինյան
«Վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր խրոնիկ վայրեր. առաջին միջոցառումն իրականացվել է՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այնտեղ այլևս որևէ մեքենա չներթափանցի: Նույն աշխատանքը կատարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակվել է ստորին Հրազդանի ջրանցքի ամբողջ երկայնքը՝ Դալմայի այգիների կողմից և Իսակովի պողոտայից և Կուրղինյան խաչմերուկից բոլոր հատվածները վերցրվել են հսկողության տակ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով շինաղբն անթույլատրելի վայրերում տեղադրելու դեպքերը բացառելու վերաբերյալ տրված հանձնարարականին:
Կամո Արեյանը հայտնեց, որ նույն միջոցառումը կարվի Շենգավիթ վարչական շրջանում, քանի որ այնտեղ էլ է խնդիրը սրված:
«Քաղաքապետարանի վարչությունների և պարեկների հետ քննարկել ենք, որ շարունակվելու են ամենօրյա այցերն ու ռեյդերը»,- նշեց Կամո Արեյանը:
Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնան նաև սկզբնաղբյուրին. «Սկզբնաղբյուրը շինհրապարակներն ու շինարարներն են, որոնք համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ դրանցից ավելի էժան ձերբազատվելու նպատակով»,- հայտարարեց փոխքաղաքապետը:
Նա դիմեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանին՝ նշելով, որ պայմանավորվել են՝ այսուհետև շինարարությունների ավարտական ակտերը կապեն նրա հետ, թե տվյալ շինարարն արդյոք ստացե՞լ է համապատասխան փաստաթղթերը շինարարական աղբավայրից:
«Ավարտական ակտ մարդը չպետք է ստանա, եթե ինքն իր շինաղբը համապատասխան ձևով չի տեղափոխել շինաղբավայրեր, որոնք շատ կոնկրետ տեղեր են, և հետագայում նրանք պետք է ստացական ունենան, որ այդ աղբավայրում իրենք շինաղբ են տեղափոխել»,- ասաց փոխքաղաքապետը:
Յակով Ասատրյանը հայտնեց, որ կնախաձեռնեն փոփոխություններ, որը կենթադրի ավարտական ակտերի փաստաթթղերի հետ մեկտեղ ներկայացնել վճարման անդորրագրեր՝ աղբը սահմանված վայր տեղափոխելու վերաբերյալ:
«Եթե շինարարները համապատասխան փաստաթղթեր չունենան, որ շինաղբը շինաղբավայր են տեղափոխում, իրենք մեզ հետ խնդիր են ունենալու»,- հավելեց Տիգրան Ավինյանը: