Պետության պահուստային ֆոնդից 898 միլիոն դրամ հավելյալ գումար՝ Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցին

Վահե Ղազարյանի ղեկավարած Ներքին գործերի նախարարությունը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել նախագիծ, որով ՆԳՆ կազմում ընդգրկված Ոստիկանությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է հավելյալ 897 միլիոն 988 հազար դրամ։

Նշենք, որ 2023 թվականի բյուջեով պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվել է 76.2 միլիարդ դրամ՝ 2022 թվականի 66.6 միլիարդի փոխարեն։

Այժմ հատկացված հավելյալ 898 միլիոն դրամը նախատեսված է Երևան քաղաքի և 8 մարզերի պարեկային ծառայությունում ներդնելու նպատակով՝ խմածությունը չափող սարքերի անհրաժեշտ պահեստամասերի, ավտոտրանսպորտային միջոցների, ավտոլվացման, ավտոմեքենաների վթարային տարհանման ծառայությունների, ոստիկանության ստորաբաժանումների տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ ձևավորման, կապիտալ շինարարության, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար:

Ուշագրավ է՝ Ոստիկանությանը հատկացվել է 890 միլիոն դրամ այն դեպքում, երբ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ ներկայացված նախագծում բացակայում են գումարի պահանջի վերաբերյալ հիմնավորումները, մասնավորապես՝ համապատասխան ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտության, դրանց հրատապության և ՆԳՆ գործառույթների իրականացման վրա ազդեցության վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս