ՀՀ-ն իր ավանդական բարեկամ երկրներին թողեց և ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավոր նշանակեց Արևմուտքին․ Եվսեև
Պաշտոնական Անկարան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրեն։ Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ վերջին երկու օրերի ընթացքում Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, թե Մոսկվան ողջունում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում հետպատերազմական վերականգնումը։
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հիմքում են»,- հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը և հույս հայտնել, որ «ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այդ գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը»։
168․am-ի հետ զրույցում, գնահատելով բանակցությունների օրակարգն ու արդյունքները, ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս բանակցությունների գլխավոր օրակարգը ՌԴ նախագահի ծրագրվող այցն է Թուրքիա, ինչպես նաև ուկրաինական հակամարտությունը, «Թուրքական հոսք» ծրագիրը, «Ակկույու» ատոմակայանի հարցը։ Բնականաբար, ըստ նրա, պատերազմի ֆոնին ՌԴ նախագահի այցերը արտերկիր կազմակերպվում են հավուր պատշաճի, հատկապես՝ հոգալով անվտանգային հարցերի մասին։
«Ինչ խոսք, այս բանակցությունների մի առանցքային մասն էլ վերաբերում է այլ ռեգիոններում գրանցվող զարգացումներին։
Մասնավորապես ուշագրավ էր ռեգիոնի համար օրերս Մոսկվայում կայացած Սիրիա-Թուրքիա-Իրան-Ռուսաստան բանակցությունները, որ բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման ճանապարհին կարևոր քայլ է, գուցե փոքր, բայց զարգացման մեծ հեռանկարով։ Կարևոր թեմա է նաև հարավկովկասյան օրակարգը, որում խնդիրը ՀՀ-ի չհամագործակցելն է Ռուսաստանի հետ, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի։
Բացի չհամագործակցելը, Հայաստանը փորձում է աշխարհաքաղաքական ցատկ կատարել դեպի Արևմուտք, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ կարիքներն Արևմուտքը չի պատրաստվում հոգալ, Արևմուտքը կարևորում է այս պահին Ադրբեջանին, առավել, քան Վրաստանին և Հայաստանին, և նպատակ ունի այս ռեգիոնում թուլացնել Ռուսաստանին ու Իրանին։
Սակայն ռեգիոնալ տերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան՝ այս փուլում շատ ավելի թույլ կերպով, հետաքրքրված են տարածաշրջանային հարցերը լուծել ռեգիոնում։ Այս փուլում դեռ հստակ չէ, թե ներկայումս նշմարվող աշխարհակարգային որ ուղղությունը կհաղթի Հարավային Կովկասում։ Թուրքիայում սպասվող ընտրություններից շատ բան է կախված։ Չի բացառվում, որ դրանց արդյունքում Թուրքիան էլ ավելի վերահսկելի դառնա Արևմուտքի կողմից, ինչը հավելյալ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար»,- մեկնաբանեց վերլուծաբանը։ Խոսելով Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, գործընթացի մասին՝ վերլուծաբանն ասաց, որ անկախ աշխարհաքաղաքական ու լայն ռեգիոնալ զարգացումներից, Ադրբեջանը շարունակում է շտապել լուծել իր բոլոր հարցերն ուժի գործադրմամբ, օգտվելով թե Ռուսաստանի իրավիճակից, թե Արևմուտքի շահագրգռությունից, որը ռեգիոնից ՌԴ-ին դուրս բերելու համար աչք է փակելու ագրեսիայի վրա։
«Ամեն դեպքում Ադրբեջանը, պահպանելով զգուշավորություն, չի սպասելու, և սահմանային վերջին միջադեպերը դա են ցույց տալիս։ Այստեղ առաջին դիմադրողը ՀՀ իշխանությունները պետք է լինեն, քանի որ միայն գործընկեր երկրների կամ կազմակերպությունների տված երաշխիքների վրա հիմնվելն անօգուտ է։
Կարծես ՀՀ իշխանությունները ևս դեմ չեն արագ խաղաղության համաձայնագիր ստորագրելուն, իսկ միջանցքի հարցում մեծ հույսեր է կապում Իրանի հետ։ Սակայն Հայաստանի համար զարգացումները կարող են անկանխատեսելի ու անվերահսկելի լինել, այդ թվում՝ բարդ է պատկերացնել, թե որ իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն ինչպես կդրսևորի։
Այնուամենայնիվ ՀՀ-ն իր ավանդական բարեկամ երկրներին թողեց և ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավոր նշանակեց Արևմուտքին։ Սակայն դա, մեծ հաշվով, չի փոխում Ադրբեջանի հավակնություններն ու սադրանքները»,- ասաց նա։