Երևանի ռուսական թատրոնի «Բալզամինովի ամուսնությունը» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնին
Ապրիլի 7-ից 16-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի շրջանակում կանցկացվի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 25-րդ հոբելյանական միջազգային թատերական փառատոնը:
2023 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Ա.Ն. Օստրովսկու 200-ամյակին։
Ծրագրում ընդգրկված են 10 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի Ա.Ն. Օստրովսկու պիեսի հիման վրա օրերս հայ հանդիսատեսի դատին հանձնած «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք: Ներկայացումներից բացի, փառատոնի օրերին կանցկացվեն քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների և առաջատար թատերագետների մասնակցությամբ։ Ռուսական թատրոնների երիտասարդ մասնակից դերասանների համար կանցկացվեն բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր: