Արցախցի կանայք խաղաղ ակցիա են իրականացրել՝ քայլերթով շարժվելով դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս
«Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին Ստեփանակերտում խաղաղ ակցիա է կազմակերպվել, որի շրջանակներում հարյուրավոր արցախցի մայրեր, կանայք և աղջիկներ Արցախը Հայաստանի կապող միջանցքը բացելու, արցախահայության ինքնորոշման ու հիմնարար իրավունքները հարգելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելու պահանջատիրական քայլերթով շարժվել են դեպի դեպի Շոշ և Շուշի ճամփաբաժան, որտեղից դեպի Շուշի շարունակվող ճանապարհը փակ է արդեն 117 օր:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Ստեփանակերտի Զինվորական պանթեոն-հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպանների հիշատակին, ապա երթով շարժվել նախանշված վայր: Արցախի մայրիկների ակումբ»-ի համակարգող, երեք երեխաների մայր Մարիամ Աբրահամյանը նշել է, որ արցախցի մայրերը, կանայք ու աղջիկներն ամեն օր արթնանում են պատերազմի և դրա հետևանքով այրիանալու, որդեկորույս դառնալու վախով: «Գազի բացակայությունը, էլեկտրաէներգիայի անջատումները, սննդի դեֆիցիտը, որից արդեն տևական ժամանակ զրկված են մեր երեխաները, այդքան մտահոգիչ չեն, ինչքան այս անորոշ վիճակն ու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը, որն օր օրի ահագնանում է: Մենք՝ Արցախի կանայք, չենք լռելու, պայքարելու ենք: Մենք պարտք ունենք մեր տղաների առաջ, թույլ չենք տալու հայաթափում հայկական հողում: Ցավոք, սա միակ տարբերակն է մեր ձայնն աշխարհին լսելի դարձնելու համար: Մենք աշխարհից իրավունք ունենք պահանջելու, եթե մենք ինքներս ենք պահանջատեր: Արցախում յուրաքանչյուր մարդ պետք է արթնանա այն գիտակցումով ու հարցով, թե ինչ է արել ինքն Արցախը հայկական պահելու համար: Մենք սկսել ենք մեր բաժին պայքարը, չենք հանձնվելու, և մեր կամքն անկոտրում է: Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1988 թվականին՝ կապերը խզելով ագրեսոր Ադրբեջանի հետ և ետդարձի ճանապարհ չկա: Քանի դեռ մենք այստեղ կանգնած ենք, խոսում ենք հայերեն ունենք մեր պետական կրոնն ու խորհրդանիշերը, Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու»,-ասել է արցախցի երիտասարդ մայրը՝ հավելելով, որ ներկայում, երբ աշխարհի տարբեր երկրների կանայք ինքնակրթության, անձնական աճի, կարիերայի ու սեփական բարօրության մասին են մտածում, զուգահեռ իրականությունում ապրող Արցախի կանայք գոյության պայքար են մղում:
Ակցիայի մասնակից Քրիստինե Բալայանը համոզմունք է հայտնել, որ արցախցի կանանց միահամուռ ձայնը լսելի կլինի աշխարհում: «Մենք ունենք կյանքի իրավունք և աշխարհը պարտավոր է լսել մեզ: Ամբողջ աշխարհում խոսվում է այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի խախտել ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սակայն այսօր՝ 21-րդ դարում, բոլորը տեսնում են, որ ագրեսոր Ալիևը շրջափակել է Արցախի ժողովրդին, արգելափակել Լաչինի միջանցքը: Մեր երեխաներն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն, մինչդեռ ագրեսոր Ալիևը փակել է կյանքի ճանապարհը և փորձում է ինքը որոշել՝ ով կարող է անցնել այստեղով: Աշխարհը պետք է կանգնի մեր կողքին, միջազգային հանրությունը պարտավոր է օգնության ձեռք մեկնել մեկը մյուսին, որովհետև կյանքը բումերանգ է, եթե ինչ-որ մեկի հետ նույնը պատահի, նրա կողքին ևս ոչ ոք չի կանգնելու»,-եզրափակել է Բալայանը:
Միջոցառումն ամփոփվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի պետական օրhներգներով:
Վան Նովիկով