Իսրայելում 2 կին է սպանվել «ահաբեկիչների» կողմից հրաձգության հետևանքով
Հորդանան գետի արևմտյան ափին երկու իսրայելցի կին է սպանվել, մեկը՝ ծանր վիրավորվել, երբ նրանց մեքենայի վրա կրակել են:
Դեպքը տեղի է ունեցել Համրա բնակավայրում: Շուրջ 20 տարեկան 2 երիտասարդ կին մահացել է, երբ նրանց մեքենայի վրա կրակել են, ու այն վթարի է ենթարկվել: Երրորդ կինը՝ 45 տարեկան, ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:
Իսրայելի զինվորականները հայտնել են, որ «սկսել են ահաբեկիչների հետապնդումը»:
Նախ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել պաղեստինյան և իսրայելական մեքենաների բախման պատճառով, սակայն երբ զինվորականները ժամանել են դեպքի վայր, նրանք իսրայելական մեքենայի վրա գտել են փամփուշտների անցքեր:
Իսրայելի ոստիկանության կոմիսար Քոբի Շաբթայը զենքի լիցենզիա ունեցող իսրայելցիներին կոչ է արել սկսել կրել իրենց զենքերը:
BBC-ն հիշեցնում է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածությունը սրվել է այս տարվա սկզբից: Այս ընթացքում իսրայելական ուժերի կողմից ավելի քան 90 պաղեստինցի է սպանվել՝ ինչպես զինյալներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Եթե պարզվի, որ այսօրվա հրաձգության հետևում կանգնած են պաղեստինցիները, ապա պաղեստինյան հարձակումներից սպանվել է 17 իսրայելցի և 1 ուկրաինացի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը Իսրայելի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների Լիբանանում և Գազայի հատվածում: Իսրայելից հայտնել են, որ այդ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան Լիբանանից և Գազայից Իսրայելի հրթիռակոծության:
Հրթիռակոծությունների պատճառ են դարձել ալ-Աքսա մզկիթում Իսրայելի ոստիկանների և պաղեստինցիների միջև բախումները