Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի ընթացքում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր:
Ինչպես ենք տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու և խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022 թվականի մայիսի 30-ին, կաշառքի հիշյալ գումարը դատապարտյալ Ա. Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի՝ Ա. Ա.-ի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա. Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը նշված քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» Ա. Ղ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար, հիշյալ կալանավորից պահանջել և վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից վճարային տերմինալներից տարբեր օրերին կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 448.600 ՀՀ դրամ կաշառք, որը կրկին փոխանցվել է պաշտոնատար անձի կնոջ բանկային հաշվեհամարին:
Այսպիսով՝ կատարված բանկային փոխանցումներով ՔԿՀ պաշտոնատար անձը երկու դեպքում ապօրինի գործողությունների համար կաշառք է ստացել:
Նախաքննության ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ս.-ին և կալանավոր Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):
Ա. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: