Հարկերից խուսափելու հարցում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ. վարչապետ
Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարկերից խուսափելու խնդրին, զգուշացնելով, որ այս հարցում որևէ կոպրոմիս չի լինելու։
«Մենք այստեղ շատ լուրջ խորքային խնդիրներ ենք շարունակում ունենալ, չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը մեզ դեռ շատ տեղեկություն կտա։ Ուզում եմ, որ շատ հստակ լինի այս ուղերձը, որ հարկերից խուսափելու պարագայում ընդհանրապես որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու պետության հնարավորության մասին է։ Ուզում եմ քաջալերել մեր իրավապահ մարմիններին, որպեսզի այս ուղղությամբ աշխատաքները շարունակվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը գոհունակությամբ հայտեց, որ վերջապես լրահոսում տեսնում է, որ թափ է առնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, որի մասին 5 տարի շարունակ խոսել են։
«Այս ուղղությամբ Գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է։ Հույս ունեմ, որ հարցի էությունն իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի և սա շատ կարևոր գործընթաց եմ համարում։
Ընդգծեմ, որ ապօրինի գույքի և հարկերից խուսափելու թեմայով պետք է հստակ արձանագրենք, որ դա մեր երեխաների չստացած կրթությունն է, դա մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է և այլն։ Հիմա շատ կարևոր է, որ հանրության առաջ մեր ստանձնած պարտավորության մեջ լինենք սկզբունքային։ Ուզում եմ ընդգծել նաև Կառավարության և քաղաքական մեծամասնության կամքը, որ այս ամենը երբեք ու երբեք չի վերաբերվել ու չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին։ Մեզ համար որևէ տարբերություն չկա՝ երեկ է տեղի ունեցել, թե այսօր»,- նշեց Փաշինյանը։