Անիում և Սիսիանում կայացած ընտրությունների արդյունքները մինչև այս պահը չեն վիճարկվել դատարանում
Մինչև այս պահը վարչական դատարան բողոք չի ներկայացվել՝ վիճարկելու Անի և Սիսիան համայնքներում կայացած ընտրությունների արդյունքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ամփոփելով երկու համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
«Այսօր դատական բողոքարկման ժամկետի վերջին օրն է։ Մինչև այս պահը դատական բողոքարկում չունենք․ մինչև ժամը 18։00-ն ժամանակ կա։ Դրանից հետո պարզ կլինի, բողոքարկումներ կունենա՞նք, թե՞ ոչ»,- ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ կայացած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային են եղել․ Անի համայնքում գրանցված է եղել մեկ դաշինք և երեք կուսակցություն, իսկ Սիսիանում՝ երեք կուսակցություն։
«Քարոզարշավի ընթացքում Անի համայնքում ստացվել է մեկ հարցում, իսկ Սիսիան համայնքում թիվ 34 ընտրատարածքի հանձնաժողովը ստացել է 1 հարցում և 4 դիմում-բողոք։ Դիմում-բողոքները վերաբերվել են պաստառների փակցման հետ կապված խնդիրներին։ Արձանագրեմ, որ բոլոր խնդիրներին ժամանակին տրվել են լուծումներ»,- նշեց Հովակիմյանը։