ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել «Թվիթեր»-ի իր էջում։
«Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Տաթևի վանքում Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ ուղղված մասնավորապես տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսության, մասնագիտական կրթության, առողջապահության և Ֆրանկոֆոնիայի ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տաթևի վանական համալիրում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։ Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բարեկամության, արդարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա։
Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։
Համագործակցության նպատակներին համապատասխան նախագծերի պատշաճ մշակման համար կստեղծվի ղեկավար հանձնաժողով։ Կողմերը կստեղծեն գործողությունների ծրագիր, որը կդառնա ստորագրված համաձայնագրի մաս։