Արժանապատվություն չկա արժանապատվություն

Պետական կառավարման համակարգում անհատի արժանապատվության հարցն այդ համակարգի աշխատանքի արդյունավետության վրա ազդող կարևորագույն հիմնախնդիրներից է։ Ֆորմալ առումով պետական համակարգում աշխատող անձի արժանապատվության խնդիրը կարգավորվում է ամենատարբեր կանոնակարգերով, պաշտոնների նկարագրության անձնագրերով և այդպես շարունակ։ Իրականության մեջ, սակայն, պետական կառավարման համակարգում աշխատող անհատի արժանապատվության հարցը վեր է պաշտոնական փաստաթղթերից և գտնվում է ավելի գլոբալ հարթությունում։

Հայաստանի գործող պետական կառավարման համակարգում աշխատող հազարավոր անհատներ այսօր ունեն արժանապատվության լրջագույն խնդիր, որովհետև պետությանն այսքան աղետներ բերած իշխանության համար աշխատելու նպատակով՝ ցանկացած մեկը պետք է լուրջ կոմպրոմիսի գնա սեփական խղճի և արժանապատվության հետ։ Բացի այդ, ցանկացած նորմալ մարդու համար սեփական անձի նույնացումը տասնյակ ուսապարկերի կամ  հարյուրավոր այլ կամակատարների հետ ինքնին լրջորեն ոտնահարում է անձնային արժանապատվությունը։

«Ոչ թե իշխանության համար ենք աշխատում, այլ պետության համար»՝ ինքնարդարացումը վաղուց արդեն ծիծաղելի է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր միջոցներով ցույց է տվել, որ ինքը ոչ թե պետության, այլ սեփական իշխանական խմբակի ղեկավարն է, և պետական կառավարման համակարգն էլ ծառայում է իրեն ու այդ խմբակին։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական կառավարման համակարգում, առնվազն անուղղակիորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին, ինչն արդեն մեծագույն հարված է ցանկացած իրեն հարգող անձի արժանապատվության համար։

Ասվածից ամենևին չի բխում, թե պետական կառավարման համակարգում աշխատող հազարավոր մարդիկ զուրկ են արժանապատվությունից, կամ հանուն աշխատավարձի պատրաստ են ամեն ինչի։ Ոչ։ Պարզապես այդ հազարավոր մարդկանց զգալի մասը՝ ավելի կամ պակաս չափով, որոշակի փոխզիջման է գնացել սեփական արժանապատվության, խղճի հետ՝ գործող պետական կառավարման համակարգում աշխատելու նպատակով։

Կարդացեք նաև

Իսկ դա նշանակում է, որ մեր պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, պակաս արժանապատիվ է ու պակաս պատվախնդիր, քան կարող էր լինել այլ, հարաբերականորեն ավելի նորմալ իշխանության դեպքում։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ինքն ավելի արժանապատիվ դառնալու փոխարեն, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին է ներքաշել կեղտոտ գործարքի մեջ՝ ընդունել իր անձի իշխանությունը և դրանով փոխզիջման գնալ սեփական արժանապատվության հետ՝ ինչ-ինչ արտոնություններից չզրկվելու նպատակով։

Արդյունքում՝ մենք ունենք լայն իմաստով անարժանապատիվ պետական կառավարման համակարգ, որը երկրի ներսում ու աշխարհում Հայաստանի շահերը պաշտպանում է մոտավորապես այնպես, ինչպես սեփական արժանապատվությունը, այսինքն՝ գործնականում չի պաշտպանում։

Նիկոլ Փաշինյանի համար սա իդեալական վիճակ է, քանի որ բոլորը կախված են իրենից և բոլորը գործարքի են գնում իրենց խղճի հետ, որպեսզի ծառայեն իր իշխանությանը։ Իսկ արժանապատվության հետ խնդիրներ ունեցող մարդկանց ղեկավարած պետությունը չի կարող արժանապատիվ լինել՝ ըստ սահմանման։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս