Բաժիններ՝

Ամենը լղոզել են, չափագրողին են «կպցնում», ամբողջ խնդիրն ինչո՞ւ եք դնում չափագրողի ուսերին. «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ն՝ Կառավարությանը

ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի թվում էր ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նախագծով առաջարկվել է հստակեցնել ավարտական ակտի տրամադրման ժամանակ դիտարկվող ոչ էական շեղումների վերաբերյալ իրավակարգավորումները, ինչը թույլ կտա կանոնակարգել ավարտական ակտի ստացման ժամանակ ոչ էական շեղումների հստակեցումն ու հանձնաժողովի եզրակացության հիման վրա սահմանել շեղումների էական կամ ոչ էական լինելը` նվազագույնի հասցնելով հանձնաժողովի կողմից հայեցողական մոտեցման դրսևորման հնարավորությունը:

Նախագծի հիմնական նպատակն է՝ որոշմամբ սահմանված էական և ոչ էական շեղումների ցանկի հստակեցումն ու շինարարությունն ընդունող հանձնաժողովի կազմում որակավորված քարտեզագրող, գեոդեզիստ, չափագրող (հաշվառող), հողաշինարար մասնագետի ներառումը: Նախագիծը մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից, աշխատանքներին օժանդակել է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Որոշման ընդունումը, սակայն, «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ն մտահոգիչ է համարում:

Կարդացեք նաև

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ նախագահ Արայիկ Հակոբյանն անգամ նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ քաղաքացիների կողմից ինքնակամ շինարարության իրականացման գլխավոր դրդապատճառը՝ քաղաքաշինական գործընթացների, հողերի նպատակային նշանակության փոփոխման բարդ, խճճված և բյուրոկրատական ընթացակարգերն են:

Ըստ նրա՝ կան վիճահարույց դրույթներ, որոնց հիմքը վերոնշյալ որոշման վերջին փոփոխություններն ու լրացումներն են. «Որոշմամբ չափագրողից պահանջվում է եզրակացություն՝ առանց հստակեցնելու այդ եզրակացության ձևը, բովանդակությունը։ Ավելին, ըստ գործող իրավակարգավորումների՝ չափագրող անձինք իրավասու են կատարելու հողամասերի փաստացի վիճակի հանութագրում և շենքերի, շինությունների չափագրում, այլ ոչ թե մասնակից և պատասխանատու լինել կառուցվող շինության շահագործման հանձնման գործընթացին, քանի որ վերջինս հանդիսանում է շինարարական խնդիր։

Որոշումը պարունակում է պահանջներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նորմերի սահմանման վերաբերյալ, մինչդեռ այն ամբողջությամբ կարգավորվում է և պետք է կարգավորվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով։ Նախագծով կառուցված շենքը, շինությունը ոչ էական շեղումներով կառուցված լինելու չափորոշիչները հիմնազուրկ են և չեն լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հակոբյանը:

Նա ընդգծեց՝ ինքնակամ շինարարությունը քաղաքաշինական բարդ պրոցես է: «Մարդու համար անընդհատ անհարկի պրոբլեմներ են ստեղծում: Այս որոշմամբ «ինքնակամ» հասկացությունն ավելի թուլացնում են, այսինքն, այն, ինչը նախկինում կհամարվեր ինքնակամ, հիմա այդպես չի համարվի: Երբ անձը շինարարություն է կատարում, ասում ենք՝ անհրաժեշտ է, որ գեոդեզիստը նշի հողամասի սահմանները, հետո նոր սա իրականացվի: Իրենք սա չեն ընդունում և ասում են՝ վերջնական ակտը որ կազմվում է, սրա հիման վրա ստորագրեք, որ ճիշտ է, որից հետո ընդունող հանձնաժողովը կընդունի շինարարությունը: Եվ դրա հիման վրա համայնքի ղեկավարը չի կարող ավարտական ակտ չտալ, կադաստրն էլ՝ չգրանցել: Իսկ մենք ասում ենք՝ ամբողջ խնդիրը, բարդությունն ինչո՞ւ եք դնում չափագրողի ուսերին: Կան որոշ նրբություններ, որոնք չափագրողի իրավասությունից դուրս են: Օրինակ, ննջասենյակի նվազագույն մակերեսն ինչքա՞ն պետք է լինի: Սա մեր շրջանակից դուրս է: Հստակեցված չէ, թե ինքնակամի վերաբերյալ եզրակացությունն ովքե՞ր են տալիս, որ մասով ովքե՞ր են պատասխանատուները:

Ամենը լղոզել են, չափագրողին են «կպցնում»: Չափագրողը չի հասկանալու, առանց հասկանալու է անելու, կամ ասելու է՝ իմ իրավասություններից դուրս է: Այստեղ կոռուպցիոն ռիսկ կա, հետևաբար` որոշումը պետք է վերանայել»,- մանրամասնեց «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ ղեկավարը:

Արայիկ Հակոբյանն ասաց՝ առաջին անգամ է, որ շինարարությունն ընդունող հանձնաժողովի կազմում որակավորված քարտեզագրող, գեոդեզիստ, չափագրող (հաշվառող), հողաշինարար մասնագետ են ներառում:

Տեսանյութեր

Լրահոս