«Ադրբեջանը Շուշիի շրջանում զբաղեցրել է 2054 բարձունքը և ուղիղ դիտարկման տակ վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի հետ կապող ճանապարհը». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են:

Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի:

Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ մասնավորապես ասվում է.

Կարդացեք նաև

«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը՝ Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ: Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ  Ադրբեջանը ոչ միայն չի՛ կատարում Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում իրավիճակը՝ ԼՂ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով:

2054 բարձունքից Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս