«Եթե տարածքները տալու էիր, ինչի՞ 5000-6000 զոհ տվեցինք, այն ժամանակ տայիր, երբ Հադրութը, Շուշին, Ասկերանը չկար դրա մեջ». Սիսիանի բնակիչ

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի  թեկնածու Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

168.am-ի հետ զրույցում ծնունդով Գորիսից, բայց մոտ 50 տարի Սիսիանում բնակվող քաղաքացին առաջնային խնդիրների շարքում հիշատակեց պետքարան չունենալը, ինչը, ըստ նրա, հարիր չէ սիսիանցուն:

Հակադարձմանը, որ դա կենցաղային հարց է, թեպետ կարևոր, բայց կան ավելի լուրջ անվտանգային խնդիրներ, աղքատության հետ կապված, մեր զրուցակիցը պատասխանել է, որ աղքատությունը չի նվազել, ինչպես պնդում են իշխանությունները:

«2018-ին «թավշյա հեղափոխություն» եղավ, բայց հետո մենք իմացանք, որ արտաքին ուժերի ճնշման տակ այդ ժամանակ գործող, այսօր՝ նախկին իշխանությունները հրաժարական տվեցին: Եվ նոր եկած՝ գործող իշխանություններն ասում էին՝ ապագա կա, բայց մենք տեսանք, որ այդ ապագան չկա: Մենք պատերազմում պարտվեցինք, երեկ ֆուտբոլում էլ պարտվեցինք, գոնե Սիսիանում հաղթող դուրս գանք: Գործող իշխանություններից ոչ մի բան չեմ ակնկալում:

Մենք տեսնում ենք, որ բոլոր տեղերում, միջազգային հարթակներում ձախողվում են իրենց ծրագրերը: Որ եկան իշխանության, խոստանում էին, որ լավ ապագա կլինի, բայց այդ ապագան չկա: Եվ չի էլ լինելու:

Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա բոլոր խաղաղությունները պատերազմի միջոցով են լինում, կառուցվում: Դու միայն պատերազմով կարող ես խաղաղության հասնել: Այսօր չունես բանակ, բանակը ջլատեցիր, կոտրեցիր, կադրավիկ գեներալներին, որոնք կյանքի փորձ ունեին, մեծ վաստակ ունեին, նրանց շարքերից հանեցին, և այսօր առանց բանակից, ռազմագիտությունից հասկանալու, կառավարում են, դրանց կառավարածը ի՞նչ պիտի լինի, դրանցից ի՞նչ պիտի սպասենք մենք»,- ասել է քաղաքացին:

Այս համատեքստում՝ 168.amի զրուցակիցը շարունակել է, որ 44-օրյա պատերազմը Ադրբեջանը չի հաղթել, այլ արտաքին ուժերը, Թուրքիան, թեպետ 30 տարի Ադրբեջանը զինվում էր:

«Այսօր ՀՀ ինքնիշխան տարածքներում ռուսական ուժերն են, բայց գործող իշխանությունները երես են թեքել նրանցից, ուզում են վերացնել 102-րդ բազան: Ես տեսնում եմ, որ գործող իշխանությունները գնում են դեպի Արևմուտք: Իսկ Արևմուտքը մեզ ի՞նչ է տալու:

Հաագայի դատարանը որոշեց, որ պիտի բացվի Լաչինի միջանցքը, ելումուտի տեղ տա, բայց գործող իշխանությունները չեն կարողանում կատարել իրենց վրա դրված առաջադրանքը: Գործող վարչապետը և իր կառավարությունը երես են թեքել Ղարաբաղից և թողել բարձիթողի վիճակում:

Եվ եթե ՀՀ ղեկավարը բարձր ամբիոնից հայտարարում է, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է եղել, էդ ղեկավարից ի՞նչ պիտի պահանջենք, ավելի լավ է՝ նա հեռանա: Ես այստեղի բնակիչ եմ, և թուրքը 3 կմ հեռավորության վրա մեզ իշխում է: Գործող իշխանությունը չի կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը, ժամանակին տեղ հասնել: Այսօր բանակն է մեր երաշխավորը, բայց այն էլ ջլատել են, ինչո՞վ են պարծենում: Ես նախկիններին չեմ գովում, որ նրանք լավ են եղել, յուրաքանչյուր կառավարություն իր թերությունն ունենում է, բայց պիտի կարողանանք ճիշտ կողմնորոշվել և ճիշտ պատասխան տալ:

Նայեք՝ Լևոնը խաբեց, թե 7+2 շրջանները պիտի տար, չտվեց, Ռոբերտ Քոչարյանը եկավ 5+2 շրջանները չտվեց, Սերժ Սարգսյանը նույնպես չտվեց, դու ինչի՞ տվեցիր: Եթե դու տալու էիր, ինչի՞ 5000-6000 զոհ տվեցինք: Այն ժամանակ տայիր, երբ Հադրութը, Շուշին չկար դրա մեջ, Ասկերանը, դու տայիր 5-ը, էն 2 շրջաններն էլ ժամանակի ընթացքում ոնց կորոշվեր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս