«Եթե վճռական չլինեինք, վաղուց այստեղ չէինք լինի, եկվորներն իրենք են, իրենք պետք է գնան». Հերհերի գյուղապետ
Շրջափակված Արցախի Հանրապետությունում մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ՝ ադրբեջանական կողմի սադրանքներն ավելի են շատանում, թշնամին մշտապես կրակում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ։
Մարտի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կրակել էին Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ 34-ամյա Սուրեն Բաղդասարյանի ուղղությամբ, ով տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարել Թաղավարդ գյուղի հանդամասում։ Բարեբախտաբար, բնակիչը չի տուժել։
168.am-ի հետ զրույցում Հերհերի գյուղապետ Արման Ալեքսանյանն ասաց, որ կրակոցներից հետո այս պահին վիճակը նորմալ է, գյուղտնտեսական աշխատանքները շարունակվում են։
«Այս երկու օրերի ընթացքում ինձ շատ են զանգահարում, հետաքրքրվում են, թե ինչպես է բնակիչների տրամադրությունը, ասեմ՝ վճռական են։ Հավատացեք, եթե վճռական չլինեինք, վաղուց այստեղ չէինք լինի, եկվորներն իրենք են, իրենք պետք է գնան, մենք գնալու տեղ չունենք»,- նշեց Հերհերի գյուղապետը։
Նրա խոսքով՝ մարտի 19-ին տեղի ունեցած միջադեպից հետո Հերհերի բնակիչն իր տրակտորով աշխատանքները շարունակում է։
«Եթե նայենք թշնամու կրակոցներին կամ դրանցից ընկճվենք, ուրեմն առհասարակ չպետք է աշխատենք ու հող չմշակենք, բայց մենք աշխատում ենք, որովհետև թուրքը միշտ էլ կրակում է։
Արցախի 75 տոկոսը կորցնելուց, կորցրել ենք նաև մեր վարելահողերի առյուծի բաժինը, հիմա մշակում ենք այն, ինչը մնացել է։ Այդ հողերն էլ չեզոք գոտում են գտնվում, ի՞նչ անենք, չմշակե՞նք, եթե չմշակենք՝ խնդրի առաջ ենք կանգնելու, նույնիսկ պարենի հարցը չենք կարողանալու լուծել։
Հողը մշակելու արդյունքում մենք այս շրջափակման պայմաններում ցորեն ու գարի ունեինք պահեստներում, որն օգտագործում ենք։ Դե, դա արդեն բլոկադայի առաջ բերած խնդիրները որոշ չափով մեղմել է, եթե չլիներ, ապա հացի խնդիր էինք ունենալու։ Դե, միս ու կաթնամթերք էլ գյուղացիները գրեթե ունեն, այդպես ապրում են։ Մի քիչ սուղ է կարտոֆիլը, բայց սա էլ կփորձենք լուծել ու ցանել, եթե չանենք, ավելի մեծ խնդրի առջև կկանգնենք»,- եզրափակեց Արման Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են այս ընթացքում հիվանդների տեղափոխել Երևան՝ բուժման համար, ցավոք, եղել են նաև մահացության դեպքեր։