Ռուսաստանը փոխել է մոտեցումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում. Տարասով
«Լավրով-Միրզոյան ասուլիսը ցույց տվեց, որ նախկինի համեմատությամբ ՌԴ պաշտոնական մոտեցումը ԼՂ կարգավիճակի հարցում փոխվել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Լավրով-Միրզոյան բանակցություններին և մամուլի ասուլիսին:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը նախօրեին նշեց, որ, մեծ հաշվով, ՌԴ-ն աջակցում է այն դիրքորոշումը, որը հայտնեց Նիկոլ Փաշինյանը ժամանակին՝ ընդգծելով, որ ելնում է նրանից, որ ԼՂ բնակիչների անվտանգության երաշխիքների հարցերը, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշվեն Ղարաբաղի ու Բաքվի ներկայացուցիչների միջև:
«Մենք կողմերին դրան ենք մղում, դրանով հետաքրքրված է նաև Հայաստանը, անխոս, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով որակով կլինեն այդ պայմանավորվածությունները: Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, կան օրինակներ՝ վերջերս արձանագրված պատմություններ, դրա մասին է խոսք գնացել Մինսկի պայմանավորվածություններում, այն մասին, թե ինչպիսի իրավունքներ պետք է լինեն Ուկրաինայի Արևելյան հատվածում այդ պայմանավորվածությունների համապատասխան՝ մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզուն սովորեցնելու իրավունք, ապրել, աշխատել՝ օգտագործելով այդ լեզուն, պահպանել սեփական մշակույթը, պահպանել սեփական կրոնը, ունենալ ինքնակառավարման հնարավորություն և ունենալ հատուկ կապեր՝ տնտեսական, առևտրային, սեփական հայրենակիցների հետ: Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր, մոտավորապես այդպիսի իրավունքներ դիտարկվում էին տասը տարի առաջ Բելգրադի ու Պրիշտինայի միջև ստորագրված Կոսովոյի սերբական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու մասին համաձայնագրում՝ լեզու, ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, տնտեսական բնույթի հատուկ հարաբերություններ Սերբիայի հետ: Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Ի թիվս այլ հարցերի, Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է գժտեցնել Հայաստանին ու Ռուսաստանին, սակայն այդ փորձերը, նրա գնահատմամբ, դատապարտված են տապալման:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ընդհանուր առմամբ բանակցությունները տեղի ունեցան այնպիսի մթնոլորտում, ինչը կարելի էր ակնկալել՝ հաշվի առնելով վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները:
Ըստ նրա, կողմերը բաց և հասկանալի անդրադարձան ըստ էության բոլոր սուր հարցերին, արտացոլվեց նաև այն լարվածությունը, որը կա հարաբերություններում ՀԱՊԿ անդամակցության, Հայաստանում հակառուսական տրամադրությունների, ՀՀ-ում ԵՄ առաքելության, ՀՀ-Արևմուտք հարաբերությունների, Արևմուտքի հարավկովկասյան քաղաքականության, բանակցություններում Արևմուտքի «ներխուժման» հարցերի շուրջ:
«Թվարկված բոլոր թեմաներում նկատվեց տարաձայնություն, լարվածություն: Չեմ կարծում, որ այս հանդիպմանը հաջողվեց հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտ փոխել, քանի որ այդ տարաձայնությունները նկատվեցին նաև բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:
Որպես միակ դրական փաստ՝ կարելի է նշել այն, որ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում ՌԴ միջնորդությամբ նախարարների եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա հնարավոր արդյունքների հարցում կասկածներ կան, քանի որ ընդհանուր առմամբ բանակցությունները բարդ ընթացք ունեն նաև այն հարթակում, որտեղ հիմնականում ծավալվում են՝ Արևմուտքում, հանդիպումներ են ծրագրվում, ապա՝ չեղարկվում, մեծանում է էսկալացիայի վտանգը:
Ռուսաստանի կողմից նախարարական հանդիպում կազմակերպելու ցանկությունը, կարծում եմ, միջանկյալ բնույթ է կրում՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը լիովին դուրս չէ գործընթացից կամ ժամանակ առ ժամանակ ծանոթանում է նորություններին՝ հստակ հասկանալով, որ բանակցությունները երկարաձգվում են, իսկ Ռուսաստանը դեռ նոր նախաձեռնություններով չի ցանկանում հանդես գալ»,- ասաց Տարասովը:
Նա նաև ասաց, որ այս բանակցությունների նորությունն այն էր, ինչ ասաց ՌԴ ԱԳ նախարարը Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ՝ փորձելով հարմարվել այն քաղաքական միտումների շրջանակում, որոնք ձևավորվել են տարածաշրջանում:
Ըստ նրա, Ռուսաստանն ամիսներ առաջ երկրի ղեկավարի մակարդակով առաջարկեց հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը՝ այն թողնելով սերունդներին, սակայն կողմերը կա՛մ չհամաձայնեցին այս փաթեթին, կա՛մ Արևմուտքում այլ փաստաթղթերի շուրջ համաձայնություններ ձեռք բերեցին:
«Սա ավելի հեշտ ճանապարհ է միջնորդի համար, քան նախորդ փաթեթը, թեև նման հակամարտությունների դեպքում դժվար է նաև կանխատեսել, թե ուր կհասնեն կողմերը երկարատև բանակցությունների արդյունքում: Բայց եթե հիշում եք, ամիսներ առաջ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահը խոսեց կարգավիճակի և բոլոր տարբերակների մասին, սակայն սա չհաջողվեց, իսկ ռուսական կողմը հայտարարեց, որ ոչինչ չի պատրաստվում պարտադրել կողմերին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ դիտորդներին, Տարասովն ասաց, որ ՀԱՊԿ դիտորդների տեղակայման թեմայով ՀՀ ԱԳ նախարարն ուշագրավ հայտարարություններ արեց՝ ասելով, թե ՀՀ-ն դեմ չէ դիտորդների:
«Եթե դեմ չէ, ապա ինչո՞ւ չեն տեղակայվել, կամ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի ՀԱՊԿ դիտորդներ մեկնեն Հայաստան: Այստեղ, իհարկե, ամեն ինչ պարզ չի ասվում, Հայաստանը վերջին շրջանում մերժել է ՀԱՊԿ բոլոր առաջարկները և դա ներկայացնում է՝ որպես ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ մերժում, ինչը, մեղմ ասած, այդպես չէ, այլ հակառակն է»,- ասաց նա: