«Փաշինյանի հայտարարությունը նպատակ ունի շեղելու հանրության ուշադրությունը պարտության իրական պատճառներից». Մովսես Հակոբյան
Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով 44-օրյա պատերազմում կրած պարտությանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել է զինամթերքի 50 տոկոսը, ավելին, չեն օգտագործվել մեր ամենահզոր զենքերը, նշել էր.
«ՊԲ զինանոցում եղած զենք չկար, որ չի կիրառվել: Հիմա, եթե ընդդիմություն-իշխանություն գնահատականն այն է, որ այդ պատերազմը կարող էր այդ ելքը չունենալ, լավ, ի՞նչն է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ: Ես հիմա մի բան եմ ասելու, որը շատ մեծ աղմուկ է առաջացնելու: Եվ դա իմ այս պահի գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք: Կարծում եմ, որ այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»։
Եվ իր ասածը հիմնավորելու համար Փաշինյանն ասաց, թե այսօրվա դրությամբ ՀՀ զինված ուժերի 50-ից ավելի նախկին զինծառայող, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ «5-րդ շարասյան» մասին արած հայտարարությունից, նկատեց՝ ԱԱԾ-ն պետք է ասի՝ 5-րդ շարասյուն գործե՞լ է, թե՞ ոչ։
«Ինքս ԱԱԾ տնօրենը չեմ, որ ասեմ՝ 5-րդ շարասյուն գործե՞լ է, թե՞ ոչ, դրան կարող է միայն ԱԱԾ տնօրենը գնահատական տալ։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը, ապա այն քաղաքական հայտարարություն է, նպատակ ունի շեղելու հանրության ուշադրությունը պարտության իրական պատճառներից»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում է եղել, «5-րդ շարասյունից» որևէ մեկին տեսե՞լ է, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Իմ գործը դա չի եղել, որ ես դրան հետևեի, իմ գործն այլ է եղել, ես զբաղված եմ եղել, որպեսզի մենք հաղթեինք։
Թող ԱԱԾ-ն գնահատական տա՝ 5-րդ շարասյուն եղե՞լ է, թե՞ ոչ, եթե եղել է, ապա այդ ամենը իրավական գնահատականի պիտի արժանանա»։
Հիշեցնենք՝ մարտի 15-ին ԱԺ-ում լրագրողները ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարող է ասել Փաշինյանի մատնանշած 5-րդ շարասյան մասին, ընդ որում, հարցը կրկնեցին մի քանի անգամ, սակայն ԱԱԾ տնօրենը հարցն անպատասխան թողեց։