
Շիրակի մարզում կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել

Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը հանգիստ է, չնայած Հանրապետության ողջ տարածքում նկատվում է կարմրուկի դեպքերի աճ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:
Մարզում մարտի 10-ի դրությամբ հինգ կասկածելի դեպք կար, սակայն լաբորատոր հետազոտությունների արդյունքը բացասական է եղել:
Չնայած վերահսկելի վիճակին՝ մարզում ևս իրականացվում են հատուկ գործողություններ՝ սահմանված նորմերին համապատասխան: «Հանրակրթական հաստատություններում և մանկապարտեզներում սահմանել ենք համաճարակային ֆիլտր՝ արգելվում է ջերմող կամ ցանով երեխաների մուտքը: Ֆիլտրն իրականացվում է հանրակրթական հաստատությունների բուժքույրերի ու առողջության առաջնային օղակի կողմից»,-նշեց Լեյլի Ասլանյանը հավելելով՝ մարզում այս պահին ինֆեկցիոն վիճակը հանդարտ է:
Պատասխանատուն նշեց, որ ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում կարմրուկի դեմ պատվաստումը նախատեսված է երկու անգամ` 1 և 6 տարեկանում։ Երկու դեղաչափից հետո վարակի նկատմամբ ձևավորվում է մինչև 99 տոկոս իմունիտետ:
Արմենուհի Մխոյան