Ախր՝ ինչու՞ եք ագռավների պես հավաքվել այս փոքր երկրի վրա, ի՞նչ եք բաժան-բաժան անում
Այսօր Ալվարդ Պետրոսյանի հիշատակի օրն է․․․
«Սահմանը Մարգարայով թե՝ Գյումրիով պիտի բացվի, նույն հաջողությամբ էլ կարող է փակվել։ Մեր սահմանը մեր ուղեղի մեջ է, մինչև չհաղթահարենք այդ սահմանը, այն, որ թուրքը գալու է որդուդ մորթի, աղջկադ տանի, հայ և թուրք սահմանը չի բացվելու։ Այ, եթե կարողանայինք այդ սահմանը հաղթահարել մեր մեջ, հայ մոր մեջ, և թուրքերն օգնեին /օգնեի՞ն /մեզ այդ հարցում, նոր մնացյալի մասին կարող ենք խոսել դիվանագիտական հողի վրա՝ 2009-ին այս կարծիքին էր Ալվարդ Պետրոսյանը։
Այս խոսքերն ասելուց առաջ նա գնացել հասել էր մինչև Տրապիզոն։ Միանգամից մխրճվելով սեփական պատմության մեջ՝ զուգահեռաբար, իր աչքով էր տեսել հսկա «Bus»-երը՝ «Երկու պետություն, մեկ ազգ» մակագրությամբ, որոնք լեցուն էին ադրբեջանցիներով։
Տեսել էր անհավատալի պաշտամունք՝ սեփական դրոշի նկատմամբ՝ «Անվերջ թուրքական դրոշներ տեսա, ընդ որում, շատ ագրեսիվ և ազդեցիկ, և Աթաթուրքի նկարները։ Եվ հայկական տեղանուններ էին ամենուր՝ թուրքերենով։ Շատ միամտորեն հայտնվեցինք քաղաքի հրապարակում և ո՜վ զարմանք, Տրապիզոնի մեջտեղում, հրապարակում 300-ից ավելի թուրք տղամարդիկ նամազ էին անում, բացարձակ վերացած, էքստազի մեջ ընկած․․․Չեմ կարող նկարագրել իմ սարսափը, երբ նրանք շրջվեցին և ոչ տեղին դրված ստորակետի պես տեսան մեզ՝ այնտեղ կանգնած։ Նրանք չգիտեին ով ենք մենք, ինչ ազգ ենք, բայց ինձ հետ ինչ-որ բան կատարվեց։ Գուցե դա իմ սուբյեկտիվ զգացողությունն էր, բայց․․․
Նրանք տարօրինակ պետականության զգացում ունեցող երկիր են։ Մեզ, այս սերնդին ուզում են վարժեցնել որպես տուրիստ Արևմտյան Հայաստան գնալ-վերադառնալուն։ Դրանով բավարարվելուն են ուզում մեզ վարժեցնել։ Շատ վտանգավոր և նախանձելի խելոք քաղաքականություն են տանում:
Իսկ մենք…
Քաղաքական մի գործչի լրագրողը հարցնում է՝ ինչու՞ էր Դավութօղլուն ժպտում․ իսկ Նալբանդյանը չէր ժպտում։ Սա էլ թե՝ դա կարևոր չէ։ Ո՞նց թե՝ կարևոր չէ։ Դիվանագիտության մեջ անկարևոր բաներ չկան։ Նայում էի մեր արտգործնախարարին ու մտածում՝ որ զարհուրելի բան է տեղի ունեցել ։ Նայում էի ամերիկացի տիկնոջ ինքնագոհ, հաղթանակած դեմքին, ապա՝ Ֆրանսիայի արտգործնախարարին, որը թփթփացնում էր մեր ԱԳ նախարարի ուսին, նայում էի Լավրովի սառը, ոչինչ չասող սիրալիրությանը և մտքումս ասում՝ ես ձեր բոլորի մերը։ Ախր՝ ինչու՞ եք ագռավների պես հավաքվել այս փոքր երկրի վրա, ի՞նչ եք բաժան-բաժան անում։
Ես հոգնել եմ ժողովրդավարություն կոչվող այս խաղիկներից, եղած, հին պետությունները ոչնչացնում են, արհեստական պետություններ ստեղծում: ՈՒ մենք այս իրադարձությունների կենտրոնում ենք»։
Ալվարդ Պետրոսյան 2009թ․
սեպտեմբեր-հոկտեմբեր