Բայդենը և ֆոն դեր Լայենը կքննարկեն էներգետիկայի բնագավառում ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործընկերության ամրապնդման հարցերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր հանդիպում կանցկացնեն Վաշինգտոնում: Ի թիվս այլ հարցերի, կողմերը կքննարկեն Վաշինգտոնի և Բրյուսելի գործընկերության ամրապնդման ծրագրերն էներգետիկայի ոլորտում, որը կոչված Է առաջին հերթին վերջ դնելու ԵՄ կախվածությանը ռուսաստանյան ածխաջրածիններից:
«Իհարկե, ինչ վերաբերում Է այդ էներգետիկ գործընկերությանը, մենք աշխատել ենք արագորեն նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան հանածո վառելիքից, արագացնել Եվրոպայի անցումը կանաչ էներգիայի: Այդ գործընկերությունը գերազանցել Է մեր նպատակներն այն առումով, որ դրա հաշվին ԱՄՆ-ից կրկնակի ավելի հեղուկացված բնական գազ Է հասցվել Եվրոպա, քան նախատեսվում էր», – հայտարարել Է Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Պաշտոնյան հավելել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը և Եվրամիությունը կհայտարարեն բանակցությունների մեկնարկի մասին մի համաձայնագրի շուրջ, որը կվերաբերի էլեկտրամոբիլների մարտկոցների արտադրության համար անհրաժեշտ չափազանց կարևոր օգտակար հանածոներին: Բրյուսելը և Վաշինգտոնը խորհրդակցությունների շրջանակներում կքննարկեն նաև անհրաժեշտ սուբսիդիաները, արտոնություններն ու խթանները Էկոլոգիապես մաքուր էներգետիկայի անցնելու համար: «Մենք ցանկանում ենք երաշխավորել, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կարևորագույն օգտակար հանածոների առևտուրն իրականացվի ամենաբարձր չափանիշներով», – ասել է վարչակազմի ներկայացուցիչը:
Պաշտոնյան նաև հավելել է, որ Բայդենը և ֆոն դեր Լայենը կքննարկեն ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի նկատմամբ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների ավարտի ժամկետները: