Խորհրդարանի նիստ, բողոքի ակցիաներ, ձերբակալվածների ազատ արձակում. ի՞նչ իրավիճակ է Վրաստանում
Վրաստանում այսօր կեսօրին տեղի կունենա խորհրդարանի նիստ, որը կուղեկցվի բողոքի ակցիայով: Ակնկալվում է, որ խորհրդարանի նիստին քննարկվող հարցերից մեկը կլինի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը խորհրդարանը պետք ՝է քվեարկությամբ տապալի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող մեծամասնությունը հետ է կանչել օրինագիծը:
Հաղորդվում է, որ խորհրդարանում կխստացվեն անվտանգության միջոցառումները. շենք մուտք գործել կարող են միայն պատգամավորները և հավատարմագրված լրագրողները:
Վրաստանում մարտի 7-ից շարունակվող զանգվածային ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և օրինագիծը նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը մարտի 9-ին հետ էին կանչել նախագիծը։ Օրինագծով նախատեսվում էր օտարերկրյա ազդեցության գործակալներ ճանաչել ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման 20 %-ն արտերկրից է:
Գործընթացն ավարտելու համար խորհրդարանը պետք է քվեարկությամբ տապալի առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:
Օրինագծի հետկանչի որոշումը ողջունել են Վրաստանի բոլոր արևմտյան գործընկերները և միջազգային կազմակերպությունները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես շնորհավորել է ակցիայի մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել շարունակվող ակցիային:
Ցուցարարների երկրորդ պահանջն էր ազատ արձակել մարտի 7-ի և 8-ի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին: Այս պահանջը ևս բավարարվել է: Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության՝ ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Ըստ ՆԳՆ-ի՝ նրանց մի մասը կանգնել է դատարանի առաջ, իսկ մյուսներն ազատ են արձակվել մեկուսարանում մնալու ժամկետի ավարտից հետո: Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել էր 133 մարդ: