Արդյո՞ք բռնագանձված գույքերը էժան գներով ձեռք չեն բերվելու դրսի՝ կասկածելի ծագում ունեցող ներդրողների, օրինակ՝ թուրքերի կողմից. Արթուր Հովհաննիսյան

«Անձին հանցագործության մեջ մեղադրելու ապացուցման շեմը շատ բարձր է: Դժվար է լինում անձին մեղադրել ապօրինի հարստացման մեջ, կամ վաղեմության ժամկետներն են անցած լինում, և անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից: Որպեսզի անձը, խուսափելով քրեական պատասխանատվությունից, իր մոտ չկարողանա պահել ապօրինի գույքը, ստեղծեցին այս մեխանիզմը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում գործող այս օրենքը չի գնում այն տրամաբանությամբ, ինչի համար այն ստեղծվել է:

«Մեր խորին համոզմամբ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքը գործող իշխանություւնների կողմից ընդունվել է որպես մահակ, ծառայելու է որպես պատիժ՝ այն տրամաբանությամբ, որ պատժեն այն անձանց, որոնց չեն կարողանում քրեորեն պատժել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Փաստաբանը կոնկրետ օրինակներով ներկայացրեց այս օրենքի ողջ զավեշտն ու ողբերգականությունը:

Կարդացեք նաև

«Մեր փաստաբանական գրասենյակում եղել է դեպք, երբ մեր վստահորդին ասել են՝ դու 1998թ. չես ունեցել 7500 դրամ օրինական եկամուտ՝ ՍՊԸ հիմնադրելու համար կանոնադրական կապիտալի համար անհրաժեշտ գումարը վճարելու համար: Կտրոններն էլ կան, որ վճարել է, բայց ասում են՝ չես կարողանում ներկայացնել այդ 7500 դրամի օրինականության ապացույցը, հետևաբար քո հիմնադրած ՍՊԸ-ն ապօրինի է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին՝ փաստաբանը նկատեց՝ Հանձնաժողովը ճիշտ է համարել, որ ապացուցման բեռը դրվի պատասխանողի վրա, որովհետև նրա մոտ են այն հիմնական տվյալները, թե ինքը գույքն ինչպես է ձեռք բերել, բայց նույն Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել ժամկետների առնչությամբ:

«Հանձնաժողովն ասել է՝ այսքան երկար ժամանակ հետ գնալը դիտարկում ենք խնդրահարույց: Եվ իրենց խորին համոզմամբ՝ ճիշտը ոչ ավել, քան 15 տարի հետ գնալն է, այլ ոչ մինչև 1991թ.: Վենետիկի հանձնաժողովը հավելել է նաև, որ եթե պետությունն, այնուամենայնիվ, այսքան հետ է գնում, ուրեմն ապացուցման շեմը պետք է լավ թուլացնել պատասխանողի համար»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովն անդրադարձ է կատարել նաև հետադարձ ուժի գաղափարին:

«Մեր Սահմանադրությունն ասում է, որ վատթարացնող հետևանքներ առաջացնող նորմին հետադարձ ուժ չպիտի տաս: Նախ ինձ համար զարմանալի էր, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ հանձն էր առել Սահմանադրական դատարանի (ՍԴ) լիազորություններ, և այս օրենքը Սահմանադրության տեսանկյունից ուսումնասիրելիս փորձում է այն դիտել դրան համահունչ: Բայց Հանձնաժողովը նաև հետաքրքիր դիտարկում է արել, ասելով՝ հետադարձության խնդիր չկա, որովհետև Սահմանադրությունը պաշտպանում է անձի օրինական գույքը, և եթե նախկինում ապօրինի գույք է եղել, որը մինչև հիմա կա, այն Սահմանադրության տեսանկյունից ենթակա չէ պաշտպանության: Հետևաբար, մենք այսօր կարող ենք օրենք ընդունել և նախկինից ձեռք բերված, բայց ապօրինի գույքը բռնագանձել: Նորմալ տրամաբանություն է, բայց մեր օրենքը միայն դա չէ ասում: Ասում է՝ եթե այս ապօրինի գույքը կար 10 տարի առաջ, 8 տարի առաջ այն նվիրեցիր այլ անձի, այսօր գույքը չկա, մենք հաշվելու ենք դրա շուկայական արժեքը, և դու պատասխան ես տալու ներկա օրինական եկամուտով, այդ թվում՝ աշխատավարձով: Սա աբսուրդ է»,- ասաց փաստաբանը:

Արթուր Հովհաննիսյանը շեշտում է ՝ այս մոտեցումը ապացուցում է իր այն համոզմունքը, որ այս կերպ պատժում են իշխանությունների համար անցանկալի անձանց. չեն կարողանում քրեականով, կպատժեն քաղաքացիական վարույթով, մինչ այն պահը, երբ անձը ճանաչվի սնանկ:

«Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ այս օրենքը տարածվում է հասարակ մահկանացուների վրա, թակելու է բոլորի դուռը: Եթե որպես վարույթ հարուցելու ելակետ ընդունվում է 50 միլիոն դրամը գերազանցող գույքը, ապա բոլորս գիտենք՝ հիմա անշարժ գույքի գներն ինչ բարձր են: Մի բնակարան ու մի մեքենա էլ որ հետը դնում ենք, արդեն 50 միլիոնն անցնում է, որովհետև այդ 50 միլիոնը ոչ թե մեկ, այլ միացյալ գույքերի արժեքն է»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ սա արդյո՞ք հաշվեհարդարի չի նմանվում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ միանշանակ նմանվում է:

«Օրենքում կար սխալ ձևակերպում վարույթ հարուցելու հիմքերի մասով, որը մի քանի ամիս անց ուղղվեց Ազգային ժողովի (ԱԺ) կողմից: Այդ ընթացքում հարուցված վարույթները ոչ կարճվեցին, ոչ կասեցվեցին, շարունակվում են: Նույնիսկ դատարաններն ասում են՝ այն հարցին՝ վարույթն օրինակա՞ն է, թե՞ ոչ, կանդրադառնանք վճռով: Այսինքն՝ ռեսուրս ծախսեն, տարիներով քննեն, հետո վճռով որոշեն, որ վարույթը, օրինակ, ապօրինի է, երբ մենք ի սկզբանե ասել ենք՝ դատախազությունը չէր կարող վարույթ հարուցել, որովհետև դրա հիմքը չկար: Դատարանին ասում ենք՝ մինչև 1991թ. հետ եք գնում, ինչքա՜ն վկա ու ապացույց պետք է ներկայացնենք, այդքան փաստաբանական ծախս արվի, անիմաստ է: Եկեք, հիմա անդրադարձեք վարույթի օրինականության հարցին, գործը կարճվի: Չեն անում: Ու մեզ մոտ արդեն կասկածներ են առաջանալու առ այն, որ հավանաբար դատարանը կանխակալ է և չի դիտելու վարույթի հարուցումն անօրինական»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Դատախազության մեկնաբանությունն այս առնչությամբ զավեշտալի է, որովհետև ասում են՝ ճիշտ է, օրենքում սխալ կար, բայց մենք այն ճիշտ ենք կիրառել:

«Սա նույնն է, որ ասենք՝ «Հարկային օրենսգրքում» եկամտահարկը գրված լինի 20%, ասեն՝ ոչ, դա վրիպակ է, մենք 26% ենք կիրառում»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք այս օրենքի կիրարկմամբ՝ գույքի վերաբաշխման վտանգ չի առաջանում, փաստաբանն ասաց՝ երբ պատկերացնում է, թե օրենքի կիրարկմամբ ինչքան ակտիվ է ազատվելու, իր մոտ հարց է առաջանում՝ ո՞վ է գնելու այդքան գույքը, իշխանահաճո օլիգարխնե՞րը…

«Այս ազատված ակտիվները, որոնք, բնականաբար, երկար չեն մնալու պետության տիրապետության տակ, արդյո՞ք էժան գներով ձեռք չեն բերվելու դրսի՝ կասկածելի ծագում ունեցող ներդրողների, օրինակ՝ թուրքերի կողմից: Այո՛, ես ունեմ շատ մեծ մտահոգություն, և սա սոսկ տեսական մտահոգություն չէ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս