«Գարնանային սրացում»․ Սատանովսկին՝ խաղաղապահներին «գորշ գայլերի» նշանը հերթական անգամ ցուցադրելու մասին. News.am

Հայտնի է, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում գնդակոծել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ մեքենան, ինչի հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության երեք աշխատակից, եւս մեկը հրազենային վիրավորում է ստացել:

Ադրբեջանի կողմից ագրեսիայի փաստը մատնանշել են նաեւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունները։

Հատկանշական է, որ ադրբեջանցիների դիվերսիան նշանավորվեց նաեւ մեկ այլ իրադարձությամբ։ Մասնավորապես, սոցցանցերում հայտնվեց լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դիվերսիայից հետո խաղաղապահներին ցույց տալիս «գորշ գայլերի» նշանը։

Թուրք ազգայնականների ծայրահեղ արմատական կազմակերպության նշանն ավելի վաղ խաղաղապահներին ցույց էին տալիս իրենց «բնապահպաններ» անվանող Ադրբեջանի կառավարության գործակալները, որոնք գրեթե երեք ամիս շրջափակման մեջ են պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի: Նույն նշանը հայ համայնքի ներկայացուցիչներին ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ուրուգվայ կատարած այցի ժամանակ։

«Ինձ այս թեմայով անընդհատ փորձում են շանտաժի ենթարկել ադրբեջանցի ազգայնականները, փորձում են սպառնալ ընտանիքին։ Նրանք ուղղակի հիստերիայի մեջ ընկան այն բանից հետո, երբ մենք դա քննարկեցինք Սոլովյովի մոտ եթերում։ Հավանաբար, կրկին նրանց մոտ հիստերիա է։ Հավանաբար, հոգեկան հիվանդ մարդկանց մոտ գարնանային սրացում է տեղի ունենում։ Գարուն է, մարտ է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Նա հիշեցրեց նաեւ այն միջադեպի մասին, երբ մարդիկ, ովքեր իրենց բնապահպաններ են անվանում, վազում էին ռուս խաղաղապահների առջեւ։

«Մեկն ընդհանրապես խեղդեց սպիտակ աղավնուն»,-նկատեց Սատանովսկին:

Արեւելագետը կարծում է, որ Թուրքիան երկրաշարժից հետո ամենեւին չի թուլացրել ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ։

«Նույնիսկ եթե Հայաստանում կարծում են, որ այդ ուշադրությունը թուլացել է, ի՞նչ պետք է անեն հարեւանները, հատկապես հաշվի առնելով հարաբերությունների պատմությունը։ Օգտագործել այն։ Սա է հարցը։ Ի՞նչ իմաստ կա հետեւել՝ ով է թուլացել։ Ո՞րն է Հայաստանի օգուտը»,-հարց ուղղեց փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս