Թուրքիան աշխատում է հացահատիկի գործարքի վերականգնման շուրջ․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կիրակի օրը հայտարարել է, որ Անկարան քրտնաջան աշխատում է՝ երկարաձգելու ՄԱԿ-ի կողմից աջակցվող նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Ուկրաինային հացահատիկ արտահանել Ռուսաստանի կողմից արգելափակված նավահանգիստներից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը սեւծովյան հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի սահուն իրականացման եւ հետագա երկարաձգման համար», – ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Դոհայում տեղի ունեցող ՄԱԿ-ի թույլ զարգացած երկրների խորհրդաժողովում։
Չավուշօղլուն նաեւ ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է գործարքը երկարաձգելու ջանքերը։
«Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը», որը կազմակերպվել է ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ, անցած հուլիսին թույլ է տվել հացահատիկ արտահանել Ուկրաինայի երեք նավահանգիստներից: Համաձայնագիրը երկարաձգվել է նոյեմբերին եւ կլրանա մարտի 18-ին, եթե երկարաձգման շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ կհամաձայնի երկարաձգել հացահատիկի սեւծովյան գործարքը միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն սեփական գյուղմթերք արտադրողների շահերը: