Ռումինիայում Մոլդովայի դեսպանը մեկնաբանել է իրավիճակը Մերձդնեստրում

Քիշնևը Մերձդնեստրից անվտանգության ռիսկեր չի տեսնում, բայց պատրաստվում է ցանկացած սցենարի: Այս մասին ասել է Բուխարեստում Մոլդովայի դեսպան Վիկտոր Կիրիլեն՝ անդրադառնալով Մերձդնեստրում իրավիճակին:

«Մենք հետևում ենք Մերձդնեստրի տարածաշրջանում տիրող իրավիճակին, և ոչ մի առանձնահատուկ բան չենք տեսնում: Մենք աջ ափին մեր անվտանգության անմիջական ռիսկեր չենք տեսնում, ուժերի մոբիլիզացիա չենք տեսնում»,- ասել է Կիրիլեն Euronews Romania-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Քիշնևը և Տիրասպոլը շարունակում են երկխոսությունը ոլորտային աշխատանքային խմբերի շրջանակներում։ Դիվանագետը վստահություն է հայտնել, որ Մերձդնեստրի գործարար համայնքը հասարակ քաղաքացիների հետ միասին շահագրգռված չէ հակամարտությամբ և ջանքեր է գործադրում իրավիճակը չսրելու համար։

Մերձդնեստրը, որի բնակիչների 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտել է դուրս գալ Մոլդովայից դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ վախենալով, որ ազգայնականության ալիքի վրա Մոլդովան կմիանա Ռումինիային։ 1992 թվականին Մոլդովայի իշխանությունների՝ խնդիրը ուժով լուծելու անհաջող փորձից հետո, Մերձդնեստրը գործնականում դարձել է Քիշնևի կողմից չվերահսկվող տարածք։

Տեսանյութեր

Լրահոս