Գերմանիայում հասարակական տրանսպորտի աշխատակիցների գործադուլներ են սկսվել
Գերմանիայի շատ քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատակիցների գործադուլներ են սկսվել երկրի՝ մեծությամբ երկրորդ արհմիության՝ Ver.di-ի համապատասխան կոչից հետո:
Ver.di-ն երեքշաբթի օրը գործադուլի կոչ էր արել վեց դաշնային երկրամասերի՝ Բադեն-Վյուրտեմբերգի, Հեսսենի, Ստորին Սաքսոնիայի, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի, Ռայնլանդ-Պֆալցի և Սաքսոնիայի ավելի քան 30 քաղաքների տրանսպորտի աշխատակիցներին: Մարտի 3-ի առավոտյան ժամը 3-ից (Երևանի ժամանակով 06:00-ից) Գերմանիայի շատ քաղաքներ բախվում են հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների, հաղորդում է Bild-ը: Արհմիությունն ակնկալում է, որ գործադուլին կմասնակցի առնվազն 15 հազար մարդ։
Բացի դրանից, գործադուլներ են տեղի ունենում Բոխումում, Դորտմունդում, Աախենում, Մյունստերում և Դյուսելդորֆում։ Bild-ը նշում է, որ հատկապես ծանր իրավիճակ է սպասվում Դորտմունդում, որտեղ ուրբաթ օրն անցկացվելու Է տեղի «Բորուսիայի» և «ՌԲ Լայպցիգի» միջև ֆուտբոլային մրցախաղը, հայտնի կատակերգու Բյուլենթ Ջեյլանի համերգը և մոտոցիկլետների ցուցահանդեսը։ Գործադուլ տեղի կունենա նաև Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, սակայն այստեղ այն սկսվել է դեռ հինգշաբթի օրը։
Անցած ամսին Ver.di-ն արդեն մի քանի խոշոր գործադուլ է կազմակերպել։ Այսպես, օդանավակայանների աշխատակիցների գործադուլը Գերմանիայում փետրվարի 17-ին հանգեցրել Է շուրջ 1300 չվերթի չեղարկման։ Երկուշաբթի օրը Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների աշխատակիցների նոր գործադուլը հանգեցրել Է ևս ավելի քան 300 չվերթի չեղարկման:
Արհմիությունները պահանջում են աշխատավարձերի բարձրացում 10,5 %-ով, բայց ոչ պակաս, քան ամսական 500 եվրոյով։ Գործատուների պատասխան առաջարկը՝ աշխատավարձերը բարձրացնել 5%-ով և 2500 եվրո միանվագ գումար վճարել, մերժվել է նրանց կողմից։ Այս իրավիճակից դուրս գալու շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի մարտի 27-ին։